Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի համար հազար դրամի շուրջ ստեղծված աղմուկն անհասկանալի է եւ ցավոտ։
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, զինծառայողների ապահովագրության համար գանձվող 1000 դրամի մասին նախագծի քննարկմանը Շուշան Պետրոսյանն իրեն հատուկ ոճով ռազմահայրենասիրական ելույթ ունեցավ։
Նախ նա հիշեցրեց ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ մարդիկ պատրաստակամ էին օգնելու բանակին, ապա առանձնացրեց հարուստներին ու աղքատներին։
«Սոցիալապես ավելի անապահովները միշտ ավելի պատրաստակամ են իրենց հնարավորության չափով մասնակից լինել նմանատիպ նախաձեռնությունների։ Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, հայ զինվորի կողքին լինելն է։ Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ հաշմանդամ, զոհված զինծառայողների խնդիրներն ամբողջությամբ լուծում չեն ստացել այն պատճառով, որ դեռևս առկա մեխանիզմները կարճաժամկետ ծրագրեր են առաջարկել։ Այս նախագծի դեպքում խոսքը գնում է երկարաժամկետ ծրագրի մասին, իսկ զինծառայողներն ունեն այս ծրագրի անհրաժեշտությունը»,- ասաց երգչուհի պատգամավորը։
Այնուհետեւ Պետրոսյանն անդրադարձավ նրանց, որոնք դեմ են այս նախագծին․ «Ու՞մ է ձեռնտու, որ այս նախագիծը տապալվի, Պաշտպանության նախարարությա՞նը, մե՞զ՝ օրենսդիրներիս, որ առիթ բաց չենք թողնում այս ամբիոնից բարձրաձայնելու զինծառայողների, վետերանների՝ սոցիալապես անապահով կեցությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Խնդիրը լուծում չի ստանում՝ մնալով ակտուալ և, առավել ևս, նախագծի տապալումը ձեռնտու չէ պոտենցիալ շահառուներին»։











