Վանաձորում ՀՀԿ-ն ընդդիմություն է եւ նորմալ է, որ ցույց է անելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես կողջունեմ, որ ՀՀԿ-ն հանրահավաք անի, իսկ ինչ վերաբերում է այս խնդրի լուծմանը, ասեմ՝ Գյումրիում, Երեւանում եւ Վանաձորում ներդրվել է պառլամենտական մոդելի կառավարում: Համամասնական ընտրակարգով լինելու են ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվում է իշխանություն: Ով ունի մեծամասնություն, ընտրում է քաղաքապետ: Հիմա Վանաձորում ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չունի մեծամասնություն, ինչը դեմ է օրենքին ու այդ մոդելին: Մենք սպասում ենք Մամիկոն Ասլանյանի հրաժարականի դիմումին: Եթե լինի, ավագանին նիստ կգումարի, քննարկի կընդունի այն եւ կընտրի քաղաքապետ, որը կվայելի մեծամասնության աջակցությունը»,-ասել է Էդմոն Մարուքյանը:
էդմոն Մարուքյանը շեշտել է, որ նիստերի բոյկոտը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո դեռ չի հաջողվել ավագանու նիստ գումարել: Բանն այն է, որ ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ է ավագանու 17 անդամի ներկայությունը, սակայն ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ ունի միայն 15 անդամ, իսկ ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» միասին՝ 18 անդամ:











