Halo Trust կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներն սկսել է 2000 թվականից եւ արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 90 տոկոսը: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Halo Trust-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկին:

1979 թվականին աշխարհի մակարդակով մտահոգության մեծ ալիք էին բարձրացրել տարբեր հակամարտությունների արդյունքում չպայթած ականների պատճառով խաղաղ բնակիչների թվում հազարավոր զոհերի մասին տեղեկությունները։ Աղետալի ամենածանր իրավիճակը տիրում էր Աֆղանստանում խորհրդային զորքերի դուրսբերումից հետո։

Ականազերծման կարեւորությունը միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց 1997 թվականին, հատկապես այն բանից հետո, երբ իշխանուհի Դայանան այց կատարեց Անգոլայի ականապատ այն տարածքներ, որտեղ ականազերծման գործունեություն էր ծավալում բրիտանա-ամերիկյան Halo Trust կազմակերպությունը։

Ադամ Յասինսկին նշել է. «Կազմակերպությունն այժմ ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրներում ու երկրամասերում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Այստեղ ականազերծման աշխատանքները սկսվել են 2ՕՕՕ թվականից եւ արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 9Օ տոկոսը»։

Լեռնային Ղարաբաղում 2ՕՕՕ թվականից ի վեր ականազերծվել է ականապատ 1Օ հազար դաշտ, վնասազերծվել՝ ավելի քան 1Օ հազար կասեթային ռումբ, ինչպես նաեւ տարբեր տիպի հազարավոր այլ պայթուցիկներ։ Գործնական աշխատանքն իրականացվում է տեղի բնակչության մասնակցությամբ, ասում է Ադամ Յասինսկին. «Այժմ միայն Լեռնային Ղարաբաղում այդ գործն իրականացնում է 17Օ մարդ, տղամարդիկ ու կանայք»։

Նա հիշեցնում է, որ առաջին տարիներին այս գործին Ղարաբաղում լծված էր ավելի քան 3ՕՕ մարդ։ Աշխատակիցների թվի կրճատումը կապված է ֆինանսավորման հետ։

Դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։

«Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին։ Դա է անհատ մարդկանց դրամահավաք աշխատանքների մեջ ներգրավելու դժվարության հիմնական պատճառը։ Այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են հայկական համայքների վրա ու մասնակից դարձնում վառ անհատականություններին»,-ասել է նա:

Իր գոյության ընթացքում Halo Trust կազմակերպությունն աշխարհի տարբեր հատվածներում ականազերծել է մեկ ու կես միլիոն ական, հրանոթային մեծ տրամաչափի 11 միլիոն ռումբ, ավելի քան 2ՕՕ հազար կասեթային ռումբ՝ իրականում փրկելով մարդկային հարյուր հազարավոր կյանքեր։

Halo Trust-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկիի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում։