2010 թ. հոկտեմբերի 26-ին Վանաձորի ավագանու նիստում հերթական անգամ գույքի անվարձահատույց տրամադրման մասին որոշում է կայացվել: Որոշմանը կողմ են քվեարկել 9 ավագանու անդամ, դեմ` 3, ձեռնպահ` 2:

Այս որոշման առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Որոշման համաձայն` Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը եւ Տարոն 4 թաղամասում մոտ 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն անվարձահատույց հանձնվել են  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Որպես որոշման հիմնավորում` Վանաձոր համանքի ղեկավարի եւ ավագանու կողմից ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզադաշտի վերանորոգման, վերակառուցման եւ Տարոն 4 թաղամասում ֆուտբոլի մարզադաշտեր կառուցելու համար ֆինանսական ներդրումների փաստը:

Ավագանու անդամները եւ Վանաձորի քաղաքապետը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ներդրում է իրականացնում ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրված միջոցների հաշվին: Նշված միջոցները, ՈՒԵՖԱ-ի սկզբունքների համաձայն, տրամադրված են ոչ թե անհատական կամ խմբային շահերի, այլ համայնքի մակարդակում ֆուտբոլի զարգացման համար: Մինչդեռ, տվյալ պարագայում մասնավորեցումն իրականացվում է ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին, որն իր առջեւ ուրիշ խնդիրներ է դրել:

Փաստացի, մարզադաշտը եւ համայնքի հողատարածքը սեփականության իրավունքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացնելու փաստը եւս հակասում է ՈւԵՖԱ-ի սկզբունքներին:

Հերթական անգամ համայնքի ավագանին կայացնում է որոշում, որով համայնքի գույքի անվարձահատույց տրամադրումը զրկում է համայնքի բյուջեն լրացուցիչ դրամական միջոցներով համալրելուց եւ համայնքային մակարդակում սպորտի զարգացման երաշխիքներից:

Օգտվելով այս հնարավորությունից` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնելու է դատական գործընթաց` նպատակ ունենալով այս որոշումը եւս դատական կարգով ճանաչել անվավեր»: