Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-21-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա 30-րդ գագաթաժողովին:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեգլարյանը գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում էր Փարիզի քաղաքապետ, ֆրանկաֆոն քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով։
Հոկտեմբերի 21-ին 300 պատվիրակների մասնակցությամբ կայացած նիստում Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի բյուրոն հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ դեռեւս անցյալ տարի արված պաշտոնական առաջարկությունը, որոշել է կառույցի հաջորդ` 31-րդ ամենամյա գագաթաժողովն անցկացնել Երեւանում։ Նա նշել է, որ հաջորդ տարի Երեւանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կկազմակերպվեն բարձր մակարդակով։
Այցի ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի՝ AIMF-ի անդամ մի շարք քաղաքապետերի հետ։ Մասնավորապես ասոցիացիայի նախագահ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի, Մոնրեալի քաղաքաքապետ Ժերար Տրամբլեի, Ժնեւի, Լիոնի եւ մի շարք այլ քաղաքների պատվիրակությունների հետ։ Ի դեպ, նրանցից Մոնրեալի քաղաքաքապետ Ժերար Տրամբլեն Երեւանի քաղաքապետի հրավերով առաջիկայում պաշտոնական այցով ժամանելու է Երեւան։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում միջքաղաքային համագործակցությանը վերաբերող հարցեր։




























