Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 27-ին ստորագրվեց հուշագիր` ՏՏ ոլորտի վերաբերյալ ճյուղային վիճակագրության (վարչական ռեգիստրի) վարման գործընթացի կայացմանը նպաստող համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Եռաչափ մոդելավորողների հայաստանյան միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` էլեկտրոնային ռեգիստրի զարգացմանը զուգընթաց Ազգային վիճակագրական ծառայությունը կդադարեցնի տեղեկատվության հավաքագրումը ՏՏ ոլորտում:

«Ռեգիստրը հնարավորություն կտա երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տվյալների միասնական էլեկտրոնային բազա ստեղծել, որից կարող են օգտվել բոլորը»,- ասաց նախարարը` հավելելով, որ ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածը եւս շահագրգռված է ռեգիստրի ստեղծմամբ, իսկ տվյալների միասնական բազան, ոչ միայն թույլ կտա ժամանակին արձագանքել ոլորտի խնդիրներին, այլեւ վերլուծություններ կատարել եւ ճիշտ ձեւակերպել  ոլորտի զարգացման հետագա քաղաքականությունը»,- ասաց նա:

Ն. Երիցյանի խոսքով` ծրագիրը փորձարկման է ենթարկվել եւ շուրջ 40 ՏՏ ընկերություններ բացի օրենքով պահանջվող վիճակագրական տեղեկատվության տրամադրումից, նաեւ էլեկտրոնային ձեւով ներկայացրել են անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Որոշ ժամանակ անց համակարգի սահուն ընթացքի դեպքում վիճակագրական ծառայությունը կնդունի արդեն այս նոր խողովակը»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը: