Հայաստանի ԱԳՆ-ն երբեք չէր ընդունի «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչներին, ոչ էլ նրանց թեյով կամ սուրճով կհյուրասիրեր, քանի որ թուրքերի այցը ոչ պաշտոնական էր։ Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:

«Եթե մեր ԱԳՆ-ն ընդուներ նրանց, հարցներ նրանց տեսակետը, ապա կստացվեր, որ Հայաստանը փորձում է հայ-թուրքական հարաբերություններ պարզել Թուրքիայում իրենից առանձնակի ուժ չներկայացնող մի ուժի հետ։ Եթե Հայաստան գար թուրքական ազդեցիկ մեկ այլ ուժ կամ հենց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, արձագանքներն ու մոտեցումներն այլ կլինեին։ Այնինչ «Հզոր Թուրքիա» կուսակցությունը, որ նախընտրել է կարճ՝ մեկ քայլով հայտնի դառնալու ճանապարհը, Հայաստան եկել էր բացառապես քաղաքական PR-ի համար»,- ասաց թուրքագետը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման գործընթացին՝ Քրիստինե Մելքոնյանը նկատեց, որ այն դեռ երկար ժամանակ սառեցված կմնա։ «Եթե Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կրկին հաղթի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը, հնարավոր է գործընթացը վերսկսվի, հնարավոր է` ոչ»,- ամփոփեց նա։

Վերջում թուրքագետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին Եվրամիությունը պատրաստվում է հրապարակել Թուրքիայի մասին տարեկան զեկույցը։