Արտաշատի Մյասնիկյան փողոցում, ամիսներ առաջ մի խումբ երիտասարդներ ժամադրվել ու վիճել են, որն ավարտվել է կրակոցներով ու դանակահարությամբ:
Վեճի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր հակառակորդի ընկերոջը՝ ինքնաձիգով կրակել նրանց ուղղությամբ: Մարդու չէր դիպել, բայց գնդակոծվել էր անցնող մեքենաներից մեկի ապակին:
Դեպքից հետո, Էրեբունու ԲԿ-ից ահազանգել են, որ աջից կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերքով մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել: Նա հրաժարվել է ներկայացնել դեպքի մանրամասները:
Այդուհանդերձ, ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Արտաշատի բնակիչ Արայիկ Հ.-ն է, որը դարձյալ արտաշատցի Քլայդ Հ.-ի հետ ցանկացել էր իր հաշիվները պարզել, բայց վիրավորել է նրա ընկերոջը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն կասկածյալներին հայտնաբերել չի հաջողվել:
2016թ. հուլիսի 27-ին Արայիկ Հ.-ի եւ Քլայդ Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ամիսներ անց նրանցից մեկին Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի դպրոցական տեսուչն էր մայրաքաղաքում տեսել ու բռնել:
«Նկատեցի հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հ.-ին: Որոշակի հատված հետապնդելուց հետո բռնեցի նրան: Այնուհետեւ զեկուցեցի իմ անմիջական պետին՝ խնդրելով օժանդակ ուժեր»,-նշել է նա:
Մայրաքաղաքից Արայիկ Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Քլայդ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:











