Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 8-ին ծխախեղդ եղած 46-ամյա Գագիկ Դավթյանը Հայաստան էր եկել փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշեց, որ տղամարդը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում եւ մոտ մեկ տարի է, ինչ վերադարձել էր Հայաստան։

«Ինքը մեր բնակիչն է եղել, մոտ 20 տարի է, ինչ բնակվում էր Ռուսաստանում։ Փաստաթղթային խնդիրներ ուներ, եկել էր կարգավորելու, հետո չստացվեց իր հետ գնալը։ Կին, երեխաներ ուներ, բայց բաժանվել էր: Հիմա, ասում են, ընտանիքը Վրաստանում է ապրում»,- պատմեց գյուղապետը։

Հարեւանների ու գյուղապետի խոսքով՝ տղամարդու մոտ վերջին շրջանում սկսել էին տարօրինակություններ նկատվել. «Անվնաս, նորմալ մարդ էր, միայն վերջին 2-3 ամիսը մեկ-մեկ տարօրինակ բաներ էր անում՝ մերկ դուրս էր գալիս, իր շորերն էր վառում, բայց հետո ասում էր՝ կներեք, ես չեմ զգացել»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը։

Հարեւաններից մեկը պատմեց, որ Գագիկ Դավթյանին երբեւէ անուշադրության չեն մատնել, հարեւանները, գյուղապետը, մահացածի հայրն ու ազգականները միշտ հետեւել են նրան։

«Հայր ուներ, կողքի բնակարանում է ապրում, խնամում էր, աչքաթող չէր անում, հարսն էր գալիս խնամում։ Անուշադրության մատնված չէր»,- ասաց նա։

Նա նշեց, որ, տղամարդը, հնարավոր է, տանը կրակ էր վառել տաքանալու համար, քանի որ անվտանգության համար վառարանը տնից դուրս էին հանել, բայց նա հաճախ էր տանն իր իրերը վառում։

«Վառարան էինք դրել, բայց վախեցանք, որ իրան վնաս կտա, կվառի, հանեցինք: Բայց էդ հրդեհը շատ արագ տարածվեց, հաստատ ծխախոտից բռնկված հրդեհ չէր, գուցե տաքանալու համար ա կրակ վառել, կամ կեղտոտ շորերն ա հանել վառել»,- պատմեց հարեւանը։

Գյուղապետն էլ նշեց, որ բազմիցս միջնորդել են, որ Դավթյանին հոգեբուժարան պառկեցնեն. «Տարել ենք հոգեբուժարան, միջնորդել ենք, որ պառկացնեն, ասել են՝ հանգիստ մարդ ա, բայց արդեն պայմանավորվածություն կար, պիտի տոներից հետո տանեին, էն էլ սենց եղավ»։