Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային` թունավոր սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած եւ մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր:

Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում է, որ թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավոր սնկերի օգտագործման հետեւանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31-ը` 4-ը մահվան ելքով:

Թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր եւ Երեւան):

2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11-ը` 1 մահվան ելքով:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետեւանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):

Սննդային թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

Չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան  իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Չգնել շուկայում, փողոցներում վաճառվող պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք:

Պահածոները պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում:

Տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման` 20-25 րոպե տեւողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով: