Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնել է Տաշքենդ` մասնակցելու նոյեմբերի 4-ից 8-ը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը: Մեր պատվիրակության կազմում են 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Վահան Վարդանյանը /57կգ/, Վահրամ Գրիգորյանը /62կգ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ/, Աշոտ Դանիելյանը /74կգ/, Մուշեղ Հովսեփյանը /82կգ/ եւ Արտակ Ծատինյանը /90կգ/, մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականն, ընդհանուր առմամբ, հաջող էր հայ սամբիստների համար: Մայիսի 13-ից 16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրոպայի առաջնությանը Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը, Արտակ Ծատինյանը նվաճել էին բրոնզե, Վաչիկ Վարդանյանը` արծաթե, իսկ Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալ:

Մեր պատանի եւ երիտասարդ սամբիստները Եվրոպայի առաջնությունից /Սալոնիկ, ապրիլի 10-13/ վերադարձել էին 5 բրոնզե, 1 արծաթե, 1 ոսկե, իսկ Աշխարհի առաջնությունից/Թբիլիսի, հոկտեմբերի 7-10/` 3 բրոնզե, 2 արծաթե եւ 1 ոսկե մեդալով:

Այսպիսով, հայ սամբիստները 2010թ. Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում արդեն նվաճել են 19 մեդալ: