ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներից իմացավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունվարի 27-ին ֆեյսբուքյան գրառման մասին, որով նա պատասխանել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Գալուստ Սահակյանի համար նաեւ անակնկալ ու անհասկանալի էին լրագրողների հարցերը՝ քաղաքական առվակների մասին: Ամեն դեպքում, գնահատելով Հայաստանի այժմյան քաղաքական վիճակը, նա նշեց, որ քաղաքական դաշտում ինտրիգային վիճակներ չկան, ամեն ինչ իր հունով է գնում. «Սովարական մեր կյանքի ուղին է, եթե մի ճանապարհով գնում ես, պետք է մինչեւ վերջ գնաս, իսկ եթե այդ ճանապարհից շեղվում են, բնական է, նաեւ կորցնում ենք: Նույնն է նաեւ քաղաքականության մեջ»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այս պահին քաղաքական վիճակը Հայաստանում հանգիստ է եւ չի կարծում, որ հնարավոր է՝ կրկնվեն 2015թ. փետրվարյան իրադարձությունները:
«Եթե որեւէ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետությանը, հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է: Բայց նման իրավիճակ չի կարող առաջանալ, որովհետեւ ընտրական պրոցես է, կարծում եմ, որ քաղաքական թիմերն համոզված են, որ ընտրություններից հետո մեկը մյուսին որեւէ բանի համար չեն կարող մեղարել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ից արտահոսք կա. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Դրանից մեկ օր անց Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր Սերժ Սարգսյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով հետեւյալը. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»:











