Ֆրանսիայի Կաեն քաղաքում հունվարի 29-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում բանախոսության միջազգային մրցույթ, որում հաղթող է ճանաչվել հայ փաստաբան Աշխեն Հարությունյանը, հաղորդում է memorial-caen.fr-ն:

Փաստաբան Աշխեն Հարությունյանն իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, այնուհետեւ շարունակել ուսումնառությունը Ֆրանսիայի Էքս Ան-Փղովանս քաղաքի Պոլ Սեզան համալսարանում՝ստանալով մագիստրոսի կոչում, այնուհետեւ հաջողությամբ շարունակել է մասնագիտական ուսուցումը Մարսելի փաստաբանական դպրոցում՝ ձեռք բերելով Փաստաբանի կոչում։

Կաեն քաղաքի հուշահամալիրի մրցույթն անցկացվում է արդեն 28-րդ անգամ, այն համախմբում է մարդու իրավունքների ոլորտում գործող փաստաբանների, ինչպես Ֆրանսիայից`այնպես էլ այլ երկրներից։

Այս տարի մրցույթի նախնական փուլը հաղթահարել եւ եզրափակիչ փուլում մասնակցության համար ընտրվել էին թվով 10 փաստաբան տարբեր երկրներից՝ այդ թվում նաեւ Ֆրանսիայից, Լիբանանից եւ Բելգիայից։

Փաստաբաններն այս մրցույթում բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների այնպիսի դեպքերի մասին, որոնք այնքնան էլ հայտնի չեն լայն հանրությանը։ Միջազգային այս հեղինակավոր մրցույթի մասնակիցները գնահատվում են ինչպես մասնագիտական թեմայի ընտրության, այնպես էլ թեմայի ներկայացման՝ այն է բանախոսական հմտությունների համար։

Աշխեն Հարությունյանն արժանացավ առաջին մրցանակին իր ««Ամերիկյան երազանք». Կուլիսների ետեւում» բանախոսության համար։ Բանախոսությամբ Աշխեն Հարությունյանը ներկայացնում էր հայիթիից Նիթա անունով մի աղջկա պատմություն, ով մի քանի անգամ որդեգրվել էր ամերիկյան տարբեր ընտանիքների կողմից եւ ի վերջո վաճառվել իր այսպես կոչված ընտանիքների կողմից Ամերիկայում հայտնի «rehoming» (վերաորդեգրում) պրակտիկայի միջոցով։ Այս տարօրինակ ամերիկյան ընթացակարգը թույլ է տալիս որդեգրող ընտանիքներին հրաժարվել որդեգրված երեխայից ցանկացած ամենաանհեթեթ թվացող պատճառներով՝ այդ մասին հայտարարություն տեղադրելով համապատասխան ինտերնետային կայքում։ Նման պրակտիկաների կիրառումը նշանակում է, որ մարդիկ երեխաներին վերաբերվում են ինչպես իրերի։

Աշխեն Հարությունյանն իր զգացմունքային, բայց միեւնույն ժամանակ հզոր ելույթով կոչ է անում մարդու իրավունքների ջատագովներին եւ առհասարակ հանրությանը պայքարել նման երեւույթների դեմ, քանզի վերջիվերջո երեխաները ծնվել են ապրելու եւ ծաղկելու, այլ ոչ թե իրերի պես վաճառվելու համար։