Սննդային թունավորում ախտորոշմամբ հունվարի 27-ին Սպիտակի հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից դեռեւս մեկն է դուրս գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխված Լուսինե Կուրղինյանը նշել է, որ ողջ ընտանիքով են թունավորվել շաուրմայից: Հիվանդանոց են տեղափոխվել, երբ երկու տարեկան դստեր վիճակը կտրուկ վատացել է:
«Ամուսինս Սպիտակի Թեժ կրակ կոչվող օբյեկտից շաուրմա էր բերել, կերանք: Մի կես ժամ հետո գլխապտույտ, ստխառնոց, թուլություն: Ու տեղափոխվեցինք Սպիտակի բժշկական կենտրոն: Հետո ուշ ժամ էր, երևի 12-ն էր, փոքրիկիս վիճակը կտրուկ վատացավ ու մեզ տեղափոխեցին այստեղ՝ Վանաձոր»,-պատմել է Լուսինե Կուրղինյանը:
Վերջինս վստահեցրել է, որ մշտապես օգտվել են այդ վաճառքի կետից եւ նախկինում խնդիր չի եղել: Մայրն ու երկումանկահասակ երեխան բուժումը շարունակում են Վանաձորում, իսկ ամուսինն ու սկեսրայրը՝ Սպիտակի հիվանդանոցում: Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված 12 քաղաքացուց դեռեւս մեկ հոգի է դուրս գրվել:
Նշենք, որ առողջապահության նախարարության եւ այլ պատկան կառույցների մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդները կերել են Լոռու մարզի հանրային սննդի միեւնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա:
Տուժածները շարունակում են համապատասխան բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Ներկայումս նրանց վիճակը կայունացել է ու գնահատվում է բավարար:
Ավելի վաղ գրել էինք, որ հունվարի 27-ին կեսօրին սննդային տոքսիկոինֆեկցիա ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել երկու մարդ, երկու ժամ անց նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է միաժամանակ 6 մարդ:
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք կերել են հավի մսով պատրաստված շաուրմա Սպիտակում գործող «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում:
Եվս մի քանի ժամ անց՝ ժամը 21:00-ի սահմաններում բժշկական կենտրոն է դիմել եւս երեք քաղաքացի, որոնք նույնպես գնել էին շաուրմա նույն սննդի կետից: Եվս մեկ հիվանդ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է հունվարի 29-ին, ով նշել է, որ երկու օր առաջ հավի մսով շաուրմա էր գնել նույն կետից, որից հետո վիճակը վատանալուն զուգահեռ փորձել է ինքնաբուժմամբ զբաղվել տանը: Տեսնելով, որ այն արդյունք չի տալիս, ստիպված դիմել է բժշկական կենտրոն:
Հիվանդների մեջ եղել է նաեւ երկու երեխա: Տուժածները շարունակում են համապատասխան բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Ներկայումս նրանց վիճակը կայունացել է ու գնահատվում է բավարար:











