Նարկոլոգիական կլինիկային` պետության կողմից տրամադրվող սննդի դադարեցման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, անդրադառնալով հիվանդներից մեկի այն հայտարարությանը, թե փետրվարի 1-ից հիվանդանոցին` պետության կողմից սննդի տրամադրումը դադարեցվելու է։
Տնօրենը մանրամասնեց, որ միայն այսօր` փետրվարի 1-ի առավոտյան սնունդ չեն ստացել, քանի որ նոր տենդերի անցկացումից հետո ընտրված մատակարարը չի հասցրել այն առավոտյան բերել հիվանդանոց։
Նարկոլոգիական կլինիկայի հիվանդներից Ազնիվ Թորոսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսօր հրավիրել էր կլինիկա եւ տեղեկացրել, որ առավոտյան սնունդ չի տրվել հիվանդներին։ Հիվանդը լրագրողների հետ զրույցում չցանկացավ ասել, թե սննդի մատակարարման դադարեցման մասին տեղեկությունը որտեղից է լսել. «Մի հատ ղուշ վերեւից իջավ, ասեց ու թռավ, էսքանը»։
Նշենք, որ ժամը 14։00-ի դրությամբ հիվանդները ստացել են իրենց հասանելիք սնունդը։











