NEWS.am-ի զրուցակիցը Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է:

Պարոն նախարար, նոյեմբերի 4-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «առողջապահության եւ կրթության ոլորտներում կոռուպցիան խորացել է»: Որպես կրթության եւ գիտության նախարար, որքանո՞վ եք համաձայն այդ դիտարկման հետ:

Կոռուպցիոն երեւույթները կրթական հակամարգում, ցավոք սրտի, վաղուց են արմատներ դրել: Եւ այս տարիների ընթացքում իրականում պայքարի արդյունավետությունը բավարարից հեռու է: Կոռուպցիոն երեւույթները բազմապիսի արտահայտումներ ունեն՝ դպրոցական համակարգից սկսած, վերջացրած գիտական թեզերի պաշտպանությամբ: Համակարգում կոռուպցիայի ավելի մեծ զանգվածայնության օբյեկտիվ պատճառները թաքնված են համակարգի մասսայականության մեջ: Մեր համակարգն ունի շուրջ 700 հազար շահառու, եւ նման մասսայականություն վայելող ու սոցիալիզացիայի մեծ աստիճան ունեցող համակարգում բնական է, որ կոռուպցիոն դրսեւորումներն ավելի հաճախ են:

Ամբողջովին համամիտ եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դեռեւս իր արդյունքը չի տվել եւ այս ուղղությումբ վարչապետի հանձնարարությամբ մեր կողմից միջոցառումների եւ առաջարկությունների փաթեթ է մշակվել, որը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացվի վարչապետին՝ կտրուկ փոփոխությունների ակնկալիքով: Մենք կոռուպցիայի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ կա վարչարարության մեծ խնդիր: Հայաստանում այս կամ այն տեսակի կրթական ծառայություն մատուցում են շուրջ 2600 հաստատություններ՝ մանկապարտեզներից մինչեւ բուհեր: 2600 հաստատություններից միայն 220-ն է, որ ԿԳՆ գերատեսչական լիազորությունների տակ է, այսինքն՝ 10 տոկոսից էլ պակաս: Կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ սահմանափակել միայն ԿԳՆ ջանքերով:

Մենք պարտավոր ենք մշակել քաղաքականություն, բայց իրականացման փուլում պետք է համապատասխան ջանքեր գործադրվեն տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական մարմինների կողմից: Ակնկալել միայն, որ ԿԳՆ ջանքերով հնարավոր կլինի կտրուկ կրճատել կոռուպցիոն դրսեւորումները, կարծում եմ, ճիշտ չէ: Ուստի մեր առաջարկությունների փաթեթում դնելու ենք կրթական համակարգի կենտրոնացման հարցը, որովհետեւ եթե պատասխանատվությունը դրվում է մեր նախարարության վրա, ապա լծակները պետք է եւս լինեն մեր նախարարության ձեռքերում, կամ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի բեռը հավասարաչափ բաշխել ոլորտը գրաված բոլոր շահառու գերատեսչական եւ կառավարման մարմինների միջեւ:

Անձամբ դուք ինչպե՞ս եք պատկերացնում կենտրոնացումը, պայքարը կոռուպցիայի դեմ:

Որպես լիազոր մարմին  մենք պետական քաղաքականությունը մշակողն ենք եւ բնական է, որ որպես պատասխանատու մարմին պետք է նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը՝ օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով ստեղծելով հստակ իրավական դաշտ` կրթական գործըթնացի կարգավորման համար: Խնդիրները մեծ են, եւ լուծելու համար պետք է իրական քաղաքական որոշում: Կենտրոնացման դեպքում, մասնավորապես կարելի է անել այն, ինչ արել են հարեւան Վրաստանում, որտեղ բոլոր դպրոցները ենթակա են ԿԳՆ-ին եւ պահանջում են աշխատանք միայն ԿԳՆ-ից: Մեր դեպքում ոլորտը շատ ապակենտրոնացված է եւ խնդիրը լուծելու եղանակներից մեկը կենտրոնացումն է:

Երկրորդ՝ պետք է ուժեղացնել օրենսդրական, ենթաօրենսդրական հիմքերը, համապատասխան օրենքներում կտրուկ խստացնել պատիժը հակաօրինական գործողությունների եւ կոռուպցիայի համար:

Երրորդ, պետք է փորձել բեկել այն իրավիճակը, երբ կրթական համակարգի շահառուները՝ աշակերտները, ուսանողները, երբեմն իրենք են շահագրգռված կոռուպցիոն մեխանիզմների գոյության մեջ: Քանիցս բարձրաձայնել եմ, անգամ այդ թեզը ցիտվել է ընդդիմության կողմից, որ ուսանողը երբեմն վճարում է չսովորելու համար: Սա հակաշուկայական եւ հակատրամաբանական է: Մարդը վճարում է, որ չստանա այն գիտելիքը, որն իրեն պետք է պիտանի լինի: Սրա պատճառն այն է, որ մեր հասարակության մեջ չի արմատավորվել այն գիտակցությունը, որ գիտելիքը բարեկեցության միակ գրավականն է: Ուսանողների սովորելու շարժառիթները բավական թույլ են, եւ երբեմն իրենք են շահագրգգռված կոռուպցիայի գոյության մեջ: Սա ամենամեծ խնդիրն է, եւ հիմնական խնդիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ մի շարք երկրներում:

Մեր մյուս ուղղությունը պետք է լինի առավելագույնս թափանցիկ դարձնել կրթական գործընթացը: Այս հարցում մենք որոշ հաջողությունների ենք հասել:

Պետք է հստակեցվեն ֆինանսավորման մեխանիզմները: Այն բուհը, դպրոցը, որ չի տալիս համապատասխան որակ, պետք է ավելի քիչ ֆինանսավորվի, քան չափորոշիչներին համապատասխանող հաստատությունը:

Մյուս կողմից Հայաստանի յուրահատկությունն այն է, որ շատերը գիտեն, թե ինչպես եւ որտեղ ստանան այդ գնահատականը, սա եւս իր դրոշմը դնում է կոռուպցիայի դեմ պայքարի բարդացման վրա:

Վարչապետը վկայակոչել էր Վերահսկիչ պալատի ստուգումները, ըստ որի լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել կրթության ոլորտում:

Վերջին երկու տարիներին պարբերաբար ստուգումներ իրականացվում են ինչպես վերահսկիչ պալատի այնպես էլ նախագահի վերահսկողական ծառայության կողմից: Հայտնաբերվել են թերություններ, նաեւ խոշոր թերություններ,  որոնք շտկելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: ՎՊ ստուգումներն ամբողջությամբ համահունչ են նախարարության քաղաքականությանը: 70 մասնավոր բուհերից այս պահին գործում է 45 բուհ, 2 տարվա ընթացքում ստուգումների արդյունքում ունենք մասնավոր բուհերի թվի նվազում: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու: Ես հայտարարել եմ բազմիցս, որ իմ գերակայություններից եմ համարում բարձրագույն կրթության որակի բարձրացումը ոչ միայն Բոլոնիայի տրամաբանության մեջ, այլեւ կրթության տարրական որակի ապահովման տեսանկյունից: Մենք կունենանք ՎՊ վերջնական տեղեկանքը, որը կօգտագործենք մեր հետագա գործողությունների մեջ եւ համապատասխան գործողություններ կանենք: Նախարարությունն ինքը զուգահեռաբար այս կիսամյակի ընթացքում ստուգելու է եւս 20 բուհեր եւ համադրելով մեր եւ ՎՊ ստուգումների արդյունքները, քնարկվելու է մի քանի բուհերի հարցը: Չեմ բացառում, որ նորից մի քանի բուհեր փակվեն: Այս գործընթացը իր մեջ եւս խորքային հակակոռուպցիոն տրամաբանություն ունի:

Կառավարության նիստից այնպիսի տպավորություն էր, թե կրթական համակարգում դրական տեղաշարժեր չեն եղել: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կրթության ոլորտում խնդիրները միայն կուտակվում եւ գոյատեւում են, եւ դրական տեղաշարժեր չունենք, ուզում եմ վկայակոչել նույն սոցհարցման տվյալները, որոնց հիման վրա էլ մեր վարչապետը տվել է իր գնահատականները: Այդ տվյալներով, կրթության եւ գիտության ոլորտները կառավարության  արդյունավետ գործունեությամբ ոլորտների շարքում հասարակության կողմից գնահատվել են բավական բարձր եւ այսօրվա դրությամբ չորրորդ գնահատականն է ոլորտների մեջ: Բացասական գնահատականների թիվը կրկնակի նվազել է: Այսինքն մենք երկու անգամ նվազեցրել ենք բացասական գնահատականը: Իսկ նախարարության որդեգրած թափանցիկ եւ հրապարակային գործելաոճը նույնպես տվել է իր արդյունքները: Կրթության եւ գիտության ոլորտն այն ոլորտն է, որից հասարակությունը լավագույնս է տեղյակ: Այսինքն տեղեկացվածության տեսանկյունից մեր ոլորտը առաջին տեղում է: Սա կարեւոր է նաեւ հակակոռուպցիոն տեսանկյունից:

Կառավարության նիստից հետո կարծիքներ հնչեցին, որ Տիգրան Սարգսյանն ուղղակի անակնկալի բերեց առողջապահության եւ կրթության ոլորտի պատասխանատուներին: Ձեզ համար որքանո՞վ էր անսպասելի վարչապետի նման խիստ քննադատությունը:

Մինչեւ կառավարության նիստը մենք երկու օր առաջ նախարարությունում վարչապետի մասնակցությամբ ունեցել ենք երկար, լայն քննարկում, մասնավորապես կրթական բարեփոխումների ընթացքի եւ հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ: Ուստի ասել, թե անակնկալ էր եւ միայն երեկ է վարչապետն առաջին անգամ անդրադարձել այդ խնդիրներին, այդպես չէ:

Կառավարության ղեկավարը նշել էր կադրային փոփոխությունների հնարավորության մասին, մասնավորապես նշել էր, թե որոշ փոխնախարարների եւ աշխատակազմերի ղեկավարների հեռացում է սպասվում: Կոնկրետ ձեզ հետ հնարավոր փոփոխությունների մասին խոսակցություն եղե՞լ է:

Վարչապետի խոսքում մեր նախարարությանն առնչվող հատվածում այդ մտահոգությունները չեն հնչել: Կադրային փոփոխություններ իրականացվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում եւ էլի իրականացվելու են: Ոչ միայն նախարարության աշխատակազմում, այլեւ նախարարությունում՝ դպրոցի տնօրենների, բուհերի ղեկավարների, եւ բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն  կամ օրինախախտումների կոպիտ դեպքեր կամ այն դեպքերում, որտեղ մենք ունենք ընտրությունների նոր փուլ: Դպորցների տնօրենների սերտիֆիկացման հարց է դրված, ռեկտորների ընտրություններ: Չեմ բացառում, որ կլինեն փոփոխություններ:

Գաղտնիք չէ, որ նման խոսակցությունները, քննարկումները, կառավարությունում սկանդալները քաղաքական որոշակի ենթատեքստ են պարունակում: Ձեզ համար, որպես ՀՀԿ ներկայացուցչի, որքանո՞վ էր ձեր կուսակցի քննադատությունը տեղավորվում քաղաքական գործըթնացների տրամաբանության մեջ:

Երկու դիտարկում անեմ: Նախ, որպես ԿԳ նախարար, իմ ողջ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններից, նախեւառաջ, որ սկզբնական ժամանակաշրջանում հարկ կար զբաղվելու միայն ոլորտային խնդիրներով, թեպետ ունեի ցանկություն քաղաքական անցուդարձի, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների մասին խոսելու: Երեւի թե եկել է ժամանակը, որ ես կարող եմ ինձ թույլ տալ  այլեւս անել քաղաքական մեկնաբանություններ, որովհետեւ կարծում եմ՝ իրավունք չունեմ չարտահայտելու իմ կարծիքը կրթության ոլորտից դուրս գտնվող քաղաքական գործընթացներից:

Երկրորդ դիտարկումս այն է, որ բոլորովին չեմ ընկալում վարչապետի երեկվա հանձնարարականները որպես քաղաքական գործընթացների արտացոլում: Բացարձակ:

Այսինքն անձնավորված որեւէ խնդիր չկա՞ր:

Ես բացառում եմ անձնավորված խնդիրը, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները վարչապետի հետ, եւ որպես երկրի վարչապետ, եւ որպես իմ կուսակից, բավական սերտ են եւ արդյունավետ են համակարգում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաեւ կուսակցության համար:

Վերջին շրջանում համառ լուրեր են շրջում, որ ձեզ հանելու են ԿԳ նախարարի պաշտոնից եւ նշանակելու են որեւէ երկրում Հայաստանի դեսպան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:

Վերջին տարիներին հաճախ են նման խոսակցություններ շրջում: Այդ խոսակցություններում էլ «առաջարկվող» երկրների աշխարհագրությունը բավական լայն է՝ Չեխիա, Նիդեռլանդներից մինչեւ Ղազախստան եւ Ճապոնիա: Չթաքցնեմ, որ ինքս հետաքրքրություն, սեր եւ հակում ունեմ միջազգային քաղաքականության նկատմամբ եւ աշխարհաքաղաքական իրադարձություններին հետեւում եմ անգամ այսօր, որպեսզի հետ չմնամ քաղաքական զարգացումներից: Բայց միաժամանակ շեշտեմ, որ իմ նշանակումը ԿԳ նախարարի պաշտոնում երկրի եւ կուսակցության ղեկավարի որոշումն է: Եթե երկրի եւ կուսակցության ղեկավարը որոշի, որ չպետք է աշխատեմ որպես նախարար, ես չեմ տեսնում որեւէ խնդիր այլ աշխատանքի տեղափոխվելու կամ ընդհանրապես չաշխատելու մեջ: Բայց կարծում եմ, որ ես որպես Հանրապետական կուսակցության անդամ դեռ կարող եմ օգտակար լինել իմ կուսակցությանն ու երկրին:

Շատերին թվում է, թե մարդկանց կյանքի իմաստն է եղել դառնալ նախարար: Իմ օրինակով կարող եմ փաստել, որ ոչ ցնծությամբ եմ ընդունել իմ նշանակման լուրը, ոչ էլ դժբախտություն կլինի, որ մի օր լքեմ այս պաշտոնը: Բոլոր պաշտոններն էլ անցողիկ են, կարեւորը, որ աշխատանքից հետո ինքդ քո առջեւ եւ ժողովրդի առջեւ կարողանաս հաշվետու լինել, թե ինչ ես կարողացել անել, ինչ չես կարողացել անել: Պարզ խոստովանեմ՝ կրթության համակարգում տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, եւ այսպիսի թերությունները միանգամից մաքրելու համար պետք է առնվազն Հերակլես լինել: Ես Հերակլեսը չեմ եւ չեմ կարող բոլոր խնդիրները լուծել միանգամից: Ինձանից առաջ էլ աշխատել են հմուտ եւ կարող մարդիկ, որոնք կլուծեին միանգամից, եթե այդքան հեշտ լիներ:

Ես ընտրել եմ փուլային լուծման տարբերակը, եւ այս ընթացքում մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրել: Բոլոր խնդիրները միանգամից լուծվում են միայն հեքիաթներում եւ առասպելներում:

 

Զրուցեց Արտակ Եղիազարյանը