Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեծ շուքով նշվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 20-ամյակը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսությանը ներկա են եղել Վազգենյան դպրանոցի հովանավորներ Տեր եւ Տիկին Յակուբյանները, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսյանցը, կառավարության ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբանները, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի սաները, բազմաթիվ հյուրեր:
20 տարիների ընթացքում դպրանոցը տվել է 142 շրջանավարտ: Նրանցից երկուսը դարձել է Հայ Եկեղեցու եպիսկոպոս, 4-ը` վարդապետ, 11-ն` աբեղա, 50-ը` քահանա եւ 75-ը սարկավագ:
Հանդիսության ընթացքում հնչել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Ելույթ է ունեցել նաեւ դպրանոցի երգչախումբը: Ներկաները դիտել են «Վազգենյան դպրանոց-20. Ոգու պատմություն» ֆիլմը:





























