ԵԱՀԿ մոդել համաժողովում այսօր` նոյեմբերի 5-ին հայ ուսանողները քննարկել են միգրացիայի եւ թրաֆիքինգի թեմաները:
Համաժողովի մասնակից 64 ուսանողները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված` երկու օր տեւողությամբ դերախաղային միջոցառման ընթացքում կփորձեն մշակել հիպոթետիկ երկրում ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման գործողությունների ծրագիր:
«Այս վարժությունը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ավելի խորքային ուսումնասիրել միջազգային կառույցներն ու մեխանիզմները», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:
Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Մարտիրոսյանը, ով դեսպանի դեր էր ներկայացնում ԵԱՀԿ մոդել համաժողովում, նշել է. «Մարդկանց թրաֆիքինգը ամենահրատապ խնդիրներից է ԵԱՀԿ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Մենք մշակել ենք թրաֆիքինգի հաղթահարման հայեցակարգ եւ գործողությունների ծրագիր` մասնակից բոլոր կողմերի համագործակցությամբ: Այսօրվա ինտեգրացված աշխարհում մենք ունենք ներուժ` համատեղ ջանքերով անդրադառնալու համընդհանուր մարտահրավերներին: Երկրորդ անգամն է` ես մասնակցում եմ ԵԱՀԿ մոդելին. այն հնարավորություն է դիտարկելու միջազգային եւ քաղաքական գործընթացներն ավելի լայն տեսանկյունից»:
Մասնակիցներին ԵԱՀԿ մոդելին նախապատրաստելու համար կազմակերպվել էին սեմինարներ` թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ կառույցների եւ մեխանիզմների մասին, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների, հրապարակախոսության եւ բանակցելու հմտությունների վերապատրաստման դասընթացներ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպել է մի շարք ԵԱՀԿ մոդել համաժողովներ նաեւ Հայաստանի մարզերում:





























