Հայաստանում նոր իշխանությունը պետք է ձեւավորվի անպայման ընտրություններով, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ չենք ձերբազատվել այս համակարգից, իշխող ռեժիմից, մենք արդար ընտրություններ չենք կարող իրականացնել։ Նման տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե` ոչ» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ թյուր կարծիք է ձեւավորվել, թե «Սարդարապատն», ընդհանրապես, դեմ է ընտրություններին:

«Կարծում եմ, որ համապետական ընտրությունները որպես ժողովրդի մոբիլիզացման միջոց յուրաքանչյուր տարի անկում է ապրում, այսինքն աստիճանաբար դադարում է գործոն լինելուց։ 10 տարի, 5 տարի առաջ դա գործոն էր, այսօր եւ վաղը դա այլեւս կարող է գործոն չդառնալ»,- նշել է ազատամարտիկ Սեֆիլյանը:

«Մեր ժողովրդի մոտ ձեւավորվում է այն միտքը, որ ընտրություններով հնարավոր չէ երկրում որեւէ դրական բան փոխել, եւ որպես հետեւանք այդ եզրահանգման, ժողովրդի պասիվությունը գնալով շատանում է։ Ուստի մենք պետք է մտածենք ժողովրդին մոբիլիզացնելու այլ ձեւերի մասին»,-կարծիք է հայտնել նա ու ուշադրություն հրավիրել եւկու խնդրի վրա.

«Առաջինն այն է, թե մոբիլիզացված ժողովրդին առաջնորդող ինչպիսի՞ խումբ է լինելու, ինչպիսի՞ են լինելու այդ մարդկանց անհատական հատկանիշները, նրանց անցյալը, այսինքն շատ է կարեւորվելու առաջնորդող խմբի որակական հատկանիշները, եւ երկրորդ՝ թե այդ խումբը ինչպիսի՞ ապագա Հայաստան է տեսնում, ի՞նչ ծրագրերով են իրականացնելու համակարգային փոփոխությունները։ Եվ այլեւս պետք է հստակ տրվեն այս հարցերի պատասխանները:

Այս երկու գործոնները նույնպես միջոց են ժողովրդին մոբիլիզացնելու համար, որոնք ես կարեւորում եմ»։