Նոյեմբերի 5-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատանքից ազատված, Ֆրանսիական համալսարանի 14 դասախոսների գործով դատավարության ընթացքում պատասխանող կողմն իսկական անակնկալի է եկել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց այդ դասախոսներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։
«Նախորդ դատավարության ընթացքում պատասխանող կողմը՝ այսինքն՝ Ֆրանսիական համալսարանը, փաստաթղթերի փաթեթ էր ներկայացրել, որն իբրեւ թե հավաստիացնում էր, որ մեզ՝ դասախոսներիս վճարված աշխատավարձերի եւ արձակուրդայինների հետ ամեն բան օրինական է։ Սակայն այսօր իրենց համար շատ անակնկալ եւ անսպասելի էր, որ դատարան դիմած բոլոր դասախոսները ներկայացրեցին AGBA բանկի՝ 2004 թվականից մինչ իրենց վերջին աշխատավարձերի վճարման պահն արված քաղվածքները։ Հենց այս բանկի քարտային համակարգի միջոցով ենք մենք 2004-ից աշխատավարձեր ստացել։ Քաղվածքներում առկա տվյալները ոչնչով չէին համապատասխանում համալսարանի ֆինանսավարչական տնօրեն Մեյրոյանի ներկայացրած փաստաթղթերի հետ։ Այս առումով պարզաբանումներ ներկայացնելու համար դատարանը պատասխանող կողմին ժամանակ տվեց։ Դրան ի պատասխան՝ համալսարանի փաստաբանը համառորեն պնդեց, որ հայցվոր կողմի ներկայացուցիչը գնա Ֆրանսիական համալսարան եւ փորձի այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ բուհի ֆինանսավարչական տնօրենի հետ »,- նշեց համալարանի նախկին դասախոսը։
Նա տեղեկացրեց, որ այսօր դատարանում հարց է բարձրացվել նաեւ 2000-2004 թվականներին վճարված աշխատանքների թեմայի շուրջ։ «Այդ տարիներին մենք աշխատավարձ ստացել ենք Հայաստանում Ֆրանսիական դեսպանատնից։ Այդ տարիների մեր աշխատանքը, սակայն, ստաժ չի համարվել»,- տեղեկացրեց դասախոսը՝ ավելացնելով, որ այդ առումով համալսարանի փաստաբանն այսօր հետաքրքիր մի ռեպլիկ է արել։ «Նա այնպիսի մանկամիտ մի հարց հնչեցրեց, որ նույնիսկ ոչ մասնագետ մարդու ծիծաղը կգա։ Ասաց՝ իսկ դուք այդ չորս տարիների համար սոցվճարումներ արե՞լ եք, ձեր աշխատավարձերից պահումներ արվե՞լ են։ Բայց դա մենք՝ դասախոսներս, չէ, որ պիտի անենք։ Հարկային դաշտից խուսափել են նրանք, եւ ոչ թե առանձին դասախոսներ»,- հակադարձեց Ֆրանսիականի նախկին աշխատակիցը։
Բուհի նախկին աշխատակիցը միաժամանակ տեղեկացրեց, որ հաջորդ դատավարությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նոյեմբերի 24-ին։
Վերջում Ֆրանսիականի նախկին աշխատակիցը փոխանցեց, որ իրենց՝ այդ թվում նաեւ բուհի նախապատրաստական կուրսի ավելի քան 20 դասախոսների եւ բուհի ուսանողների խախտված իրավունքների պաշտպանության համար գործի են դնելու նաեւ իրենց իսկ կողմից ստեղծված «Դասախոսների միություն» հասարակական կազմակերպության ուժերը։ «Մեր կազմակերպությունը գրությունններ է ստացել Կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ աշխատանքային տեսչության կողմից, որոնցում նշվում է, որ Ֆրանսիական համալսարանը խախտել է մեր՝ դասախոսներիս աշխատանքային իրավունքները»,- ամփոփեց նա։
Նշենք, որ օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դիմել էին դատարան։




























