Ես այն կարծիքին չեմ, վստահաբար, որ ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխոխսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալուն:

«Ես համոզված եմ, որ կուսակցական եւ գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն եւ ճշմարտություն  կա, քան անգամ ամենավիրավորական եւ կորուստներով լի հավատարմության մեջ: Եթե Ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո մեր երկրում այսքան մեծ կարեւոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ»,-ասաց Նաղդալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն չի թուլանում կամ կորցնում իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ: «Ես նրանց ոչ էլ աբիժնիկ ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են,  ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով: Հիմա, երբ մեր ղեկավարի եւ կուսակցություն ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ եւ նվիրվածությումբ: Այս պարագայում կային մարդիկ, որոնք անհանգստացան իրենց մակարդակի, հեղինակություն աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավմամբ: Այս պարագայում ավելի կարեւոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությունը: Խորապես վստահ եմ, որ կորցնելով այս ժամանակահատվածում մեր նախկին կուսակից ընկերներին, մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»,-ասաց ՀՀԿ-ականը: