ՀՀԿ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր` փետրվարի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել  է ՀՀԿ-ական տիկնանց միջեւ տարաձայնություններին, որի մասին երկար ժամանակ գրում են լրատվամիջոցները:

«Պարզապես ստահոդ տեղեկատվություն է»,-ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի ղեկավարը բազմակողմանի ճանաչում է բոլորին եւ նրանց պոտեցիալը։

Ինչ վերաբերում է իր եւ Արփինե Հովհաննիսյանի «հակամարտության» մասին տեղեկություններին, Նաղդալյանը նշեց. «Մենք միասին եղել ենք ԵԽԽՎ խմբում, իմ կողմից բացի հոգատարությունից, բացի մեծավարի խորհուրդներից եւ սրտացավությունից որեւէ բան չի եղել։ Վստահ եմ՝ ինքն էլ է այդպես մտածում»:

Խոսելով նախկին ՀՀԿ-ական, Հովիկ Աբրահամյանի ազգական, պատգամավոր  Կարինե Պողոսյանի կողմից կուսակցությունը լքելու մասին՝ Նաղդալյանը նշեց. «Իր հետ խոսել չեմ կարողացել, որովհետեւ հեռախոսն անջատված է եղել, գիտեմ , որ նաեւ փոքր-ինչ վատառողջ է եղել»:

Հարցին, թե ՀՀԿ կանանցից ովքե՞ր կառաջադրվեն տարածքային ընտրական ցուցակով, Նաղդալյանը պատասխանեց. «Մոտ օրերին կհստակեցվի ցուցակը։ Ես էլ կաջաադրվեմ այն ձեւով, ինչպես կորոշի կուսակցությունը»: