Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հետ կապված գործը նոր զարգացում է ստացել: Աշխատանքից ազատ է արձակվել այդ գործով ձերբակալված, ապա գրավի դիմաց ազատ արձակված Արթուր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալներ Վարդան Մարտիրոսյանը («Ռոժ» մականունով) եւ գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը ձերբակալվել էին զինվորականներից գումարներ շորթելու, նրանց նվաստացնելու եւ դիրքի չարաշահման մեղադրանքներով: Հոկտեմբերի 29-ին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել սպաներին: Ի դեպ, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ազատվել էր 1 մլն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:
Արթուր Կարապետյանն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է հոսպիտալ եւ նոյեմբերի 5-ին վիրահատվել է, որից հետո նա անակնկալ կերպով տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից եւ այլեւս Զինված ուժերում չի աշխատում:
Նշենք, որ «Ռոժ»-ին ձերբակալելուց հետո Ա. Կարապետյանին հրամանատարը հանձնարարել էր, որպեսզի ծառայողական քննություն անցկացնի զինվորների հետ եւ զեկուցագիր ներկայացնի, սակայն նրա զեկուցագիրն արժանահավատ չէր թվացել ՊՆ ղեկավարությանը եւ նա նույնպես ձերբակալվել էր:
Հետագայում, երբ այդ երկուսին գրավի դիմաց ազատ էին արձակել, Հայաստանի գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանին եւ զորամասի հրամանատարի տեղակալ Արթուր Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հետաքրքիր է, թե հետագայում ինչ զարգացում կստանա այս գործը, հաշվի առնելով, որ այստեղ գլխավոր հերոսները Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդի Գրիշա Խաչատուրովն է եւ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը: Ի դեպ, բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը՝ դեռ հոկտեմբերի վերջին հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:





























