ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը խոչընդոտներ չի տեսնում իր աշխատանքային պարտականություններն իրականացնելու եւ նախընտրական քարոզարշավին մասնակցելու միջեւ: Այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ իր աշխատանքային օրը բավականացնում է, որպեսզի կարողանա բացի աշխատանքային պարտականություններից, զբաղվել նաեւ նախընտրական քարոզարշավով:

«Իմ աշխատանքային օրը տեւում է  առավոտյան 6:30-ից մինչեւ երեկոյան 23:00-ն եւ բավականին ժամանակ կա, որպեսզի ես բացի իմ աշխատանքային պարտականություններից զբաղվեմ նաեւ այն գործով, որը որպես կուսակցության ցուցակի առաջին համար պարտավոր եմ կատարել քարոզարշավի ընթացքում»,-ասել է նա:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ հարգում է իր կուսակից ընկերներին եւ համաձայն չէ, այն պնդմանը, թե ՀՀԿ տարածքային ցուցակներում ներառվել են օդիոզ դեմքեր:

«Ես իմ բոլոր կուսակից գործընկերներին խորը հարգանքով եմ վերաբերվում: Նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհն է անցել եւ այս պահին յուրաքանչյուրն իր ընտրական տարածքում, որտեղ ռեյտինգային ցուցակով է, կարող է մրցել ձայների քանակի համար: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ես կարծում եմ, որ ընտրողը իրավունք ունի կողմնորոշվելու»,-ասել է նա: