Հանրապետական կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը պնդում է, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպը կուսակցության հետ որեւէ կապ չունի, ընդամենը անձնական խնդիրներ են եղել:
«Տեղի ունեցածը պետք չի կապել Հանրապետականի հետ, ամեն ինչ շտկվել է»,-այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որի թիմակիցների անունը շրջանառվում է, որպես ծեծկռտուքի կողմերից մեկը, լրագրողներին հորդորեց հարցերն ուղղել իրավապահ մարմիններին, իսկ Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) էլ նշեց, որ ընդամենը թեթեւ խոսակցություն է եղել, որեւէ լուրջ բան չկա, ամեն ինչ շտկվել է: Նրա խոսքով, ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ մրցակցություն չկա, իսկ իր եւ Մուրադ Մուրադյանի հարաբերությունները նորմալ են:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Վարկածներից մեկի համաձայն, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են նրա թեկնածությունը։ Մեկ այլ վարկածով ծեծկռտուքի պատճառն այն է, որ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին, մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում: Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։
Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին: Ծեծի է ենթարկվել Գրիգորյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Հակոբյանը, եղել են բերման ենթարկվածներ:
Նախօրեին Մուրադ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չէր հերքել, որ Հանրապետական կուսակցության ներսում նման որոշում է եղել․ «Խախտվել ա ամեն ձեւ այդ պայմանավորվածությունը․․․ Այս ընտրատարածքի պատգամավորը մեծամասնական ես եմ եղել, եւ առաջադրվել եմ իմ ընտրատարածքում: Ես որեւիցե մի տեղ դեռ շտաբ չեմ բացել: Բայց որ սենց գնաց, ես էլ շատ տեղ կգնամ, շտաբներ կբացեմ»:











