ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, վստահեցնում է, որ իր հետ նույն ընտրական տարածքում առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ մրցակիցներ չեն:

«Մենք մրցակիցներ չենք, մենք կուսակիցներ ենք», այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Սարգսյանը:

NEWS.am-ի դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ նույն ընտրական տարածքում ընտրակաշառք է բաժանվում՝ նա պնդեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, իսկ ահազանգողներին էլ խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել, կամ տարբեր տեսակի խոստումներ տալ, ցուցակագրել մարդկանց:

Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր: «Երեւանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել:

Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը: Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաեւ Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Միհրան Պողոսյանը»,-գրել էր թերթը: