11-ամյա Արինան ու 12-ամյա Ալիսան կարող են վստահ լինել, որ իրենց զգեստների նման հագուստներ աշխարհում ոչ ոք չունի։  Բանն այն է, որ զգեստների վրա իրենց իսկ նկարներն են պատկերված։ Հեքիաթային ծառեր ու թռչուններ, արեւածաղիկներ, որոնց կնախանձեր անգամ Վան Գոգը, աղվեսներ եւ Արեգնազան՝ հայտնի հայկական հեքիաթից։ Այս ամենը տեղ է գտել ինքնատիպ զգեստների ու ժիլետների վրա, որոնք «Երանգ» արվեստի դպրոցի աշակերտները ցուցադրել են Երեւանի բեմերից մեկում:

«Իմ նկարում ես երկու աշխարհ եմ պատկերել. մի աշխարհում ուրախություն է տիրում, մյուսում՝ տխրություն։ Երկու աշխարհները բաժանում է ծառը. տխուր աշխարհում դրա տակ նստած է տխուր մարդը, երջանիկ աշխարհում՝ պարում է երջանիկ մարդը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Ալիսա Հարությունյանը, ով արդեն երկու տարի նկարչության դասերի է հաճախում։

Նրա խոսքով՝ նկարի գաղափարը ծագել է իր դասարանին հետեւելուց հետո, որի աշակերտներին երկու խմբի կարելի է բաժանել՝ դրական եւ դժգոհ մարդկանց։ Ալիսան գաղափարի մասին պատմել է ուսուցչուհուն, եւ նրանք միասին մտածել են, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այն։

Արինա Ղազարյանի զգեստի նկարում նույնպես արտասովոր վառ ծառ է, դրա կողքին՝ փետուր, որից թռչուններ են թռչում։ Արինան շուտով 11 տարեկան կդառնա։

«Համացանցում ես հետաքրքիր գաղափարներ էի փնտրում եւ տեսա փետուրի լուսանկար։ Այն ինձ շատ դուր եկավ, եւ որոշեցի այն ներառել իմ նկարում»,- անկեղծացավ Արինան։

«Ես Վան Գոգին եմ նկարում»,- իր ուսուցիչներին ասել է 4 տարեկան Նարե Մալխասյանը, երբ դեղին ծաղկամանում արեւածաղիկներ է նկարել։ Սակայն նրա ծաղիկներն ու ներկերն ավելի շատ են, քան օրիգինալ նկարում։ Այսպես նրան ավելի է դուր գալիս։

Արվեստի դպրոցի այլ աղջնակների զգեստներին հեքիաթների մոտիվներ են, պարող մարդիկ, հնդկացիներ, փյունիկներ։ Տղաների ժիլետներին բուեր են եւ Դոն Քիշոտը՝ ջրաղացով։ Իսկ Բարեկենդանի առիթով նաեւ գունավոր թղթերից դիմակներ են պատրաստվել։

Երեխաների նկարներով հագուստ կարելու եւ այսպիսի ցուցադրություն կազմակերպելու գաղափարը նկարչության եւ քանդակագործության ուսուցիչներինն է, որոնք խորհրդածում էին, թե ինչպես կարող  են իրենց աշակերտների աշխատանքներն ավելի օրիգինալ եւ հետաքրքիր ներկայացնել: Գաղափար է հնչել, որ հրաշալի կլիներ, եթե երեխաները կարողանային զգեստներ հագնել, որոնց վրա պատկերված կլինեն նրանց աշխատանքները: Գաղափարը զարգացրել են եւ սկսել իրականացնել: Երեխաներն անչափ ոգեւորված էին:

NEWS.am-ի թղթակցին «Երանգ» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Փյունիկ Պարթեւն ասաց, որ  երեխաների նկարները նախապես ցուցահանդեսի համար էին նախատեսված, այդ պատճառով անհրաժեշտ էր դրանք շտկել եւ նոր միայն պատկերել զգեստների եւ ժիլետների վրա:

«Իմ կարծիքով՝ գերազանց արդյունք է ստացվել. զգեստներն ու ժիլետները նույնիսկ ավելի լավ են ստացվել, քան սպասում էինք»,- անկեղծացավ Փյունիկ Պարթեւը:

Երեխաներն էլ ասել են, որ ամռանը հաճույքով կհագնեն այս զգեստները եւ բոլորին կպատմեն, որ դրանց վրա իրենց հեղինակային նկարներն են: