Արթուր Սարգսյանին հիվանդության ժամանակ մի քանի անգամ նրան բուժող բժիշկները առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, եւ Արթուր Սարգսյանը մերժել է: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչքան որ ես տիրապետում եմ ինֆորմացիային, կարծում եմ՝ այն հնարավորինս մոտ է օբյեկտիվին, Արթուր Սարգսյանի հիվանդության ժամանակ մի քանի անգամ նրան բուժող բժիշկները առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց եւ Արթուր Սարգսյանը մերժել է: Իմ ինֆորմացիայով սա արձանագրված է: Եւ արդեն տեղյակ եմ Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, այնտեղ կասկած կա բժիշկների, մահվան պատճառների հետ կապված: Ես բժիշկ չեմ, չեմ կարող ասել՝ ինչ պատճառով է մահը տեղի ունեցել, բայց քանի որ փաստաբանները պնդում են, որ փորձաքննություն լինի, որեւէ խնդիր չենք տեսնում, եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, ապա առանց վարանելու կարծում եմ, որ մեղավորները կպատժվեն»,-հայտարարել է խոսնակը:

ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարել է, թե Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը որոշ ուժեր փորձում են նախընտրական քարոզարշավի ընթացքում շահարկել դիվիդենտներ շահելու համար:

«Բնականաբար ասեցի, որ ցավում եմ, իհարկե, կան մարդիկ, որ ավելի շատ են ցավում, բայց չեմ կարող չասել, սա վերաբերում է ոչ թե բարեկամներին եւ հարզատներին,այլ նրանց, ովքեր որ փորձում են այս դժբախտությունը օգտագործել նախընտրական դիվիդենտներ շահելու համար, դա անթույլատրելի է: Այն, որ եղել է առաջարկ նրան տեղափոխել եւ իր կողմից մերժվել է, ու այդ ամենը արձանագրվել է գլխավոր դատախազությունում, դա փաստ է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: