Մոսկվան կտրականապես չի ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը՝ Իդլիբում քիմիական հարձակման վերաբերյալ։ Այն առաջարկել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կցանկանայի նշել, որ ներկայացված տեքստը կտրականապես ընդունելի չէ։ Դրա թերությունը, եւ խոսքը հենց հիմնարար թերության մասին է, այն է, որ այն կանխագուշակում է հետաքննության արդյունքներն ու հենց սկզբից նշում մեղավորներին։ Որպես մեղավոր հանդես է գալիս Դամասկոսը», — ասել է Զախարովան։
Բացի այդ, Զախարովան անփույթ է անվանել բանաձեւի նախագիծը։
«Նախագիծն ուղղակի շտապողականությամբ է պատրաստվել, այն աչքի է ընկնում ծայրահեղ անփութությամբ։ Անվտանգության խորհրդին առաջարկել հաստատել նման նախագիծ, ուղղակի անվայել է», — ասել է նա։




























