ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի փորձագետները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ենթադրյալ կամ իրական ոչ ավանդական սեռական կողմնորոշման հիման վրա Չեչնիայում ապօրինաբար ձերբակալված բոլոր տղամարդկանց։ Իրավապաշտպանները նաեւ պահանջել են վերջ տալ սեռական փոքրամասնությունների հետապնդմանը։

ՄԱԿ-ի մի խումբ անկախ փորձագետներ իշխանություններին կոչ են արել վճռականորեն դատապարտել բոլոր հոմոֆոբիական հայտարարությունները, որոնք իրենցից ներկայացնում են բռնության հրահրում։ ՄԱԿ-ը նաեւ Ռուսաստանին խնդրել է շտապ միջոցառումներ ձեռնարկել սեռական փոքրամասնությունների կյանքը, ազատություններն ու անվտանգությունը պաշտպանելու համար ու ապահովել բռնության բոլոր ակտերի հետաքննումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելը, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

 Ռուսաստանի պաշտոնատար անձանց ուղղված այս դիմումին նախորդել էին Չեչնիայից ստացված հաղորդագրություններ՝ ԼԳԲՏ համայնքի տասնյալ ներկայացուցիչների առեւանգումների, կալանավորումների, բռնությունների ու կտտանքների, նաեւ նրանց իրավունքների այլ խախտումների վերաբերյալ։

ՄԱԿ-ի փորձագետները վստահ են, որ Ռուսաստանը պետք է հայտարարի, որ չի հանդուրժում նույնասեռականության սոցիալական մեկուսացումն ու նրանց նկատմամբ բռնության ու ատելության ցանկացած դրսեւորում։