ՄԱԿ-ի փորձագետների խումբը եւս 17 զանգվածային գերեզմանափոս է հայտնաբերել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել զինծառայողների ու տեղի աշխարհազորայինների միջեւ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության տվյալներով միայն անցած ամսվա վերջին Կոնգոյում 70 մարդ է սպանվել, կեսը երեխաներ։ «ՄԱԿ-ի տվյալներով, զանգվածային գերեզմանափոսերը Կոնգոյի զինծառայողներն են փորել։ Այն նույն զինվորականները, որոնք զինված բախում են ունեցել տեղի աշխարհազորայինների հետ»,- նշել է Վարչության ներկայացուցիչ Լիզ Թրոսելը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
Անցած տարվանից սկսած այդ տեղանքում ՄԱԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են քառասուն զանգվածային գերեզմանափոսեր։
Կոնգոյում բախումները տեղի են ունեցել քաղաքական անկայունության ֆոնին։ Այդ անկայունությունը պայմանավորված է նրանով, որ նախագահ Ժոզեֆ Կաբիլան հրաժարվել է լքել իր պաշտոնը՝ անցած տարվա դեկտեմբերին իր լիազորությունների ժամկետի ավարտվելուց հետո։




























