Հայ պատգամավորները մեծ ֆանտազիա են դրսեւորել՝ խորհրդարանում կայացած ճեպազրույցում գնահատականներ տալով 2011թ. բյուջեին. Է՜լ սոցիալական, է՜լ հետճգնաժամային, է՜լ ձախողված, է՜լ լավատեսական:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, թե մոտ 90 առաջարկ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ, եւ այժմ անհամբեր սպասում է կառավարության պատասխանին:

«Օրինաց երկիրը» եւս բազում առաջարկներ է ներկայացրել, որոնք վերաբերում են մայրերին տրվող նպաստներին՝ պահանջելով նպաստներ տալ նաեւ այն մայրերին, ովքեր չեն աշխատել երեխայի ծննդից առաջ: ՕԵԿ-ը շեշտը դրել է դպրոցների եւ ճանապարհների  շինարարության վրա: Ընդ որում, կուսակցությունը բյուջեի նախագիծը դրական է գնահատում, անկախ նրանից կընդունվե՞ն իր առաջարկները, թե` ոչ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս դրական է գնահատել փաստաթուղթը՝ ձեռքի հետ էլ պատասխանելով ՀՅԴ-ի քննադատությանը. «Մենք բոլորս, եւ մեր ժողովուրդը հրաշալի հասկանում ենք, որ եղել է ճգնաժամ եւ շատ խնդիրներ պայմանավորված են դրանով: Միայն ՀՅԴ-ն չի հասկացել դա»:

«Բարգավաճ Հայաստանն» այդքան էլ միանշանակ չէր իր գնահատականներում, եւ նշել է, թե իր գնահատականը կախված կլինի առաջարկներից: Չնայած դրան, Սամվել Բալասանյանը հայտարարել է,  թե նախագիծն իրատեսական է ու ունի սոցիալական ուղղվածություն:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, թե կառավարությունը չի կարող դիմագրավել 2011թ. մարտահրավերներին: