2017-ի առաջին եռամսյակում, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Regular տեսակի բենզինի միջին մանրածախ գինը նվազել է 18․5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 21․5 տոկոսով։ Թվում էր, թե գների երկնիշ անկումը պետք է խթաներ պահանջարկը։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Այդ նույն ժամանակահատվածում բենզինի ռեսուրսները երկրում կրճատվել են 1․4 անգամ, իսկ դիզելային վառելիքինը՝ 2․2 անգամ։
Այդ պարադոքսը կարելի էր բացատրել կամ ավտոմեքենաների սեփականատերերի բարեկեցության կտրուկ վատացումով, կամ էլ այլընտրանքային վառելիքի՝ խտացված գազի կտրուկ էժանացումով։ Հավելենք, որ մեքենաների պարկը անշեղորեն աճում է։
Անցած տարիներին մի քանի անգամ նվազել է Ռուսաստանից գումարային փոխանցումների ներհոսքը, որոնց զգալի մասը համալրում էր մեր հասարակության մի մասի ընտանեկան բյուջեն։ «Ռուսական» դրամական փոխանցումներ ստացողները մեր բնակչության մեկ քառորդից քիչ ավելին են։ Սեփական մարդատար մեքենաներ, ըստ գնահատականների, ունի հանրապետության ընտանիքների մոտ մեկ երրորդը։
Կարելի է արդյո՞ք նույնացնել մեր հասարակության այդ երկու խմբերը։ Այն իմաստով, որ բոլոր տրանսֆերտներ ստացողները մեքենաներ ունեն։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ըստ Հայաստանի ԿԲ-ի վերջերս կատարած հետազոտության՝ տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը ընթացիկ կարիքների վրա է ծախսվում։ Այսինքն մեքենա գնելու համար գումարներ դժվար թե բավականացնեն՝ մանավանդ հաշվի առնելով դրա ոչ էժան շահագործումը։ Այսինքն, ռուսական տրանսֆերտներ ստատողները ու մեքենաների սեփականատերերը, որոշ բացառություններով, մեր հասարակության տարբեր շերտեր են ներկայացնում։ Այստեղից հետեւում է, որ տրանսֆերտների կրճատման բացասական հետեւանքները չեն անդրադարձել մեքենաների սեփականատերերի մեծ մասի վրա։
Ինչ վերաբերում է խտացված գազի գներին՝ նշված ժամանակահատվածում այն գրեթե նույն մակարդակի վրա է մնացել։ Մայրաքաղաքում լիցքավորման գինը նույնիսկ բարձրացել է ․․․ 0․3 դրամով մեկ խորանարդ մետրի դիմաց (այսինքն 0․2 տոկոսից էլ քիչ)։ Ըստ տրամաբանության, խտացված գազով լիցքավորումը պետք է մասամբ կորցնի իր գրավչությունը, բենզինի ու դիզելային վառելիքի զգալի էժանացման ֆոնին։
Սակայն բենզինի ու դիզելային վառելիքի մասին վերոնշյալ տվյալները ցույց են տալիս հակառակ պատկերը՝ մեքենաների սեփականատերերը սկսել են ավելի քիչ գնել այդ վառելիքը։ Արդյոք ավտոգազալցակայաններին բնական գազի մատակարարումներում համարժեք փոփոխություններ են տեղի ունեցել՝ պարզ կդառնա համապատասխան տեղեկատվության հրապարակումից հետո
Սմբատ Գրիգորյան




























