Նոյեմբերի 17-ի լույս 18-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում զինծառայող 23-ամյա Ռոբերտ Ավետիսյանի սպանության գործով երկու մարդ է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ մամուլի ծառայության, Ռ. Ավետիսյանը մահացել է հրազենային վնասվածքներից: Նա զորակոչված է եղել Արմավիրի զինկոմիսարիատի կողմից։ Փաստի կապակցությամբ նոյեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»):
Զինծառայողի մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է «կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ»:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը մեկ տարվա զինծառայող էր:
Ըստ մամուլի հրապարակումների, դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ։ Զորամասի զինծառայողների միջեւ վեճ է առաջացել, որը որոշ չափով հարթվել է։ Սակայն ժամանակ անց վեճը վերսկսվել է, եւ Ռոբերտ Ավետիսյանը գնացել է մարտական հենակետերից մեկում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկին «տեսնելու»: Ինչից հետո էլ կրակոցներ են հնչել։ Դեպքի ժամանակ մահացած զինծառայողի մոտ հրազեն չի եղել, եւ նրա վրա կրակ արձակողը մարտական հենակետում հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներից մեկն է եղել։ Ռոբերտ Ավետիսյանի վրա կրակ արձակողը զորակոչվել է 6 ամիս առաջ եւ շարքային զինծառայող է։





























