Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու պատճառ է դարձել նախագծի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վ երաբերյալ նախկին ձեւակերպումների առկայությունը։ Այս մասին նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը։
Դավթյանի խոսքով, այս ձեւակերպումների առկայությունն անհնար դարձրեց Հայաստանի նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ «Առանց այդ էլ ադրբեջանական կողմն օգտագործում է բոլոր հնարավոր առիթները ռազմաշունչ հայտարարություններ անելու համար։ Պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել, եթե Հայաստանի նախագահը մասնակցեր այդ գագաթաժողովին։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի, Լիսաբոնյան գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելուց անմիջապես հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն արեց, որ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության հարցում ոչինչ անել չի կարող։ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը կապված էր Սերժ Սարգսյանի որոշման հետ»,- ասաց նա:
Դավթյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ իշխող կուսակցությունն ու Հայաստանի նախագահն իր քայլով հստակ մեսիջ ուղարկեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության նախկին ձեւակերպումները կարգավորման գործընթացում անընդունելի են։





























