Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ ինտենսիվ թերապիայի միջոց է կիրառվում: Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ըստ նրա, խոսքը գնում է վերջերս ԼՂՀ-ում կայացած զորավարժությունների, նաեւ Լիսաբոնի գագաթաժողովին չմասնակցելու Հայաստանի նախագահի որոշման մասին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, ըստ Դավթյանի, դրանք պայմանավորված են դասալիքի բարդույթով. «Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք, ով պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Պատերազմին նա չի մասնակցել եւ վառոդի հոտ չի շնչել, եւ հենց այդ բարդույթն է ստիպում նրան հանդես գալ նման հայտարարություններով»:

Պատգամավորը նշել է, թե ցանկացած երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, պետք է բարոյական նշագիծ լինի, եւ բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը, ով պատերազմի ժամանակ դասալիք է եղել, չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել: «Դա անընդունելի է երկրի նախագահի համար: Դա ոչ միայն բարոյականության, այլեւ օրենսդրական խախտման հարց է»,- ամփոփել է պատգամավորը:

Հ.Գ. Նշենք, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Արտակ Դավթյանը եւս Հայաստանում չի եղել: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրությունից, 1992-94թթ.՝ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին, պատգամավորն աշխատանքային գործունեություն է ծավելել Մոսկվայում: Փաստորեն, նա շանսեր չունի Հայաստանի նախագահ դառնալու: