ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման համար նախագիծ է պատրաստել, որը Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր կոշտ պատմիջոցների սահմանում է ենթադրում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության աղբյուրին։

«Ամերիկյան կողմը բանաձեւի նախագիծ է նախապատրաստել, դրան արդեն ծանոթացել են ԱԽ մի շարք անդամ երկրներ», - ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ բանաձեւի նախագիծը ենթադրում է Փհենյանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցների կոշտացում եւ նոր սահմանափակումների սահմանում։

Գործակալության զրուցակիցը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը, սակայն նշել է, որ այդ առաջարկությունը համապատասխանում է այն նախաձեռնություններին, որոնցով նախկինում հանդես են եկել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։ Մասնավորապես, խոսքը կարող է լինել առեւտրի ու ավիափոխադրումների մասին։