Tesla ընկերության գործարանի աշխատակիցները Կալիֆորնիայի Ֆիրմոնտ քաղաքում սթրերս են տանում, իսկ երբեմն աշխատանքի պատճառով նաեւ ֆիզիկական ցավ զգում։ Դա կապված է ընկերության ղեկավար Իլոն Մասքի ամբիցիոզ ծրագրերի հետ։ Գերհոգնածությունից կամ սթրեսից որոշ աշխատողներ նույնիսկ կորցրել են գիտակցությունը։ Այս մասին The Guardian պարբերականին հայտնել են Tesla-ի գործարանի 15 աշխատակիցներ, փոխանցում է РБК-ն։

Միխայել Սանչեսը Tesla-ում սկսել է աշխատել հինգ տարի առաջ, այժմ նա հաշմանդամ է՝ նա միջողնաշարային սկավառակի ճողվածքով է տառապում։ Ըստ աշխատողի՝ պատճառն այն է, որ մի քանի տարի շարունակ ինքը ստիպված է եղել ձեռքերը վեր բարձրացրած աշխատել։ Իսկ ընկերությունը պնդում է, թե Սանչեսը տուժել է անիվներ տեղադրելիս։

Այլ աշխատողները պարբերականին ասել են, որ վախենում են գործարանում հայտնել իրենց առողջական խնդիրների մասին, որովհետեւ այդ ժամանակ տուժածներին ավելի հեշտ աշխատանքներ են տալիս եւ կրճատում աշխատավարձը։