Հայաստանի ոստիկանությունում չեն հաստատել «աջ ղեկով» մեքենաների արգելքի մասին լուրերը։
«Այս պահին Հայաստանի ոստիկանությունը նման նախաձեռնություն չունի»- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։
Նշենք, որ վերջին օրերին սոցցանցերում ակտիվ քննարկվում են լուրերը, որ Հայաստանում շուտով կարգելեն աջ ղեկով մեքենաները։ Որպես «հիմնավորում» ներկայացվում է «աջ ղեկով» մեքենաների մասնակցությամբ վթարների մեծ քանակությունը։ Այդ «բացատրությունը» անհիմն է թվում, քանի որ Ճանապարհային ոստիկանությունը նման վիճակագրություն չի ներկայացնում։ Ընդ որում անցած տարիներին տարածված՝ վարորդական իրավունքների գնման պրակտիկան հանգեցրել է նրան, որ վարորդների զգալի մասը պատկերացում չունի ճանապարհային երթեւեկության կանոնների մասին՝ ճանապարհին առաջնորդվելով բացառապես սեփական լկտիության աստիճանով ու մեքենայի չափերով։
Մինչդեռ, «աջ ղեկով» մեքենաների արգելքի մասին նախաձեռնությունը կարող է բխել նաեւ կառավարությունից։ Բացառված չէ, որ այս հարցում օրինակ կծառայի ոչ թե սթափ դատողությունը ՝ երկրի ավտոմոբիլային պարկում «աջ ղեկով» մեքենաների հսկայական քանակի առկայությունը ու դրանք «ձախ ղեկով» դարձնելու բարդության աստիճանը՝ հասարակության ակնկալվող վրդովմունքի հետ միասին, այլ ռուսական կողմի փորձը, որով ընդունված է առաջնորդվել։




























