Գաղտնագրության մասնագետ Ռալֆ Սիմփսոնը ցույց է տվել, թե ինչպես է աշխատում «Էնիգմա» գաղտնագրային սարքը, որը կիրառվել է 20-ր դարի 20-ականներից սկսած։ Սարքի աշխատանքը վերլուծող տեսահոլովակը հրապարակել է CNET պարբերականը, փոխանցում է Lenta-ն։
Սիմփսոնը սարքը ձեռք է բերել 2002-ին 18 հազար դոլարով, իսկ հիմա այն գնահատվում է 200 հազար դոլար։ Արտաքուստ այն ասես տպագրական սարք լինի՝ 26 տառերով, առանց որեւէ այլ նիշերի։ Ստեղնաշարի վրա տառերի ինդիկատոր-լամպերով տախտակ է։
Կոճակներից մեկնումեկին սեղմելիս՝ տախտակի վրա լուսավորվում է մի տառ, որը տարբերվում է ընտրված տառից, որը պետք է գրանցի օպերատորը։ Սարքը պարունակում է մի քանի սկավառակներ՝ յուրաքանչյուրի վրա 26 բաժանումներով։ Այդ սկավառակների վրայի նիշերն էլ հենց ուղերձի վերծանման համար անհրաժեշտ բանալին են։
«Էնիգման» ռոտորային էլեկտրամեխանիկական սարքերի ընտանիք է։ Այն առաջին անգամ հաջողվել է վերծանել 1932-ի դեկտեմբերին, որից հետո գերմանացի ինժեներները բարդացրել են սարքը ու 1938-ին թողարկել նոր տարբերակը։ Արդյունքում մշակվել է Turing Bombe անվանումով էլեկտրոնային մեխանիկական սարք՝ «Էնիգմա» կոդի վերծանման համար, որի ստեղծման ժամանակ մաթեմատիկոս Ալան Թյուրինգն իրականացրել է աշխատանքի տեսական մասը։











