Կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մենակատար Իզաբել Բայրաքդարյանն այսօր՝ հունիսի 12-ին, այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն:
Նախարարությունից NEWS.ma-ին հայտնում են, որ ընդունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց երգչուհու ձեռքբերումներն ու ներդրումը համաշխարհային օպերային երգարվեստում: Նախարարը կարեւորեց Իզաբելի՝ հայ ազգային ինքնությանն ու արմատներին հավատարիմ մնալուն, հայ հոգեւոր, կոմիտասյան մեղեդիները աշխարհի հռչակավոր բեմերում հնչեցնելուն ուղղված ջանքերը:
«Դուք ծնվել եք Լիբանանում, տեղափոխվել Կանադա, կրթություն ստացել այնտեղ եւ աստվածատուր Ձեր ձայնով անմիջապես հիացրել կանադացի հանդիսատեսին: Արժանացել եք Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակին, Մեծ Բրիտանիայի թագուհու Ոսկե մեդալին, Ձեր ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը, համագործակցում եք աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ եւ այս ամբողջ ճանապարհին պահպանել եք Ձեր հայկական ազգանունը՝ Բայրաքդարյան: Աշխարհում շատերը ձեզանով են ճանաչել հայ ժողովրդին, հայկական մշակույթը, իմացել Հայաստանի մասին: Ուրախ եմ, որ Ձեր զավակներին նույնպես դաստիարակում եք հայեցի», - ընդգծեց Սփյուռքի նախարարը:
Նախարարը նշեց, որ իր ամբողջ զբաղվածության հետ մեկտեղ երգչուհին սիրով է ընդունել Հայրենիքում հանդես գալու առաջարկությունները եւ Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
«Այժմ նա կրկին Հայրենիքում է, Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում: Ես սիրով նրան հրավիրեցի՝ մասնակցելու այս տարվա սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը», - նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետության եւ իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Իզաբել Բայրաքդարյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Աշխարհահռչակ երգչուհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ պարգեւն իր համար հաճելի անակնկալ է եւ պատիվ: «Սփյուռքի որ համայնքում էլ, որ եղել եմ եմ, անպայման այցելել եմ հայկական եկեղեցիներ եւ կատարել հայ հոգեւոր երգեր: Իմ ինքնությունն ինձ համար շատ կարեւոր է: Իրավացիորեն նշեց տիկին նախարարը՝ բեմական կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում դժվարությամբ են կարդացել եւ արտասանել ազգանունս, սակայն այդ փաստն ինձ չի խանգարել, եւ ես չեմ փոխել այն, - նշեց երգչուհին՝ հավելելով, - բեմում իմ հոգին է երգում, հայի հոգին»:
Այնուհետեւ երգչուհին պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին եւ կատարեց Կոմիտասի օրորորոցայինը:




























