Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր սկանդալային հայտարարություն է արել Հայաստանի ընտրական գործընթացների մասին: Նա առաջարկել է փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը եւ դրանում ներգրավել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Կարծում է, որ դա ավելի արժանահավատ կդարձնի Հանձնաժողովի աշխատանքը:
Այս հայտարարությանն արձագանքել է Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ ԿԸՀ-ի աշխատանքի արդյունավետության գնահատականը տվել են հայ ընտրողները: Արդարադատության նախարարն էլ ԿԸՀ կազմի փոփոխության մասին Սվիտալսկիի հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել:
Պյոտր Սվիտալսկին խոսել է նաեւ «Ընտրական օրենսգրքի» մասին՝ նշելով, որ իշխող ուժերը փորձում են այն հարմարեցնել իրենց քաղաքական շահերին: Նա խորհուրդ է տվել պատրանքներով չտարվել եւ փորձել հասկանալ, արդյո՞ք իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսով ընդունված «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ ծառայեցին իրենց նպատակին: Սրան եւս Դավիթ Հարությունյանը հակադարձել է՝ հիշեցնելով, որ ընտրական համակարգի մասին կարող է խոսել միայն մասնագիտական կառույցը: Այդպիսին է Վենետիկի հանձնաժողովը, որի անդամները տվել են իրենց գնահատականը. «Ընտրական օրենսգիրքը» համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Հայաստանում այսուհետ նախագահի փոխարեն ռազմական դրություն կսահմանի կառավարությունը: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրության վերջին բարեփոխումներով:
Վարչապետի այսօրվա հանձնարարականներից մեկը վերաբերել է օրինագծերի հանրային քննարկում ապահովելուն: Այս տարեսկզբից գործարկվել է e-draft.am կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ օրինագծերին, առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել: Գերատեսչությունների ղեկավարներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է լայնորեն տեղեկացնել էլեկտրոնային այս հարթակի հնարավորությունների մասին:
Հունիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի համայնքներին: Կարկուտից երեք օր անցել է, Կարապետյանն այսօր եւս երեք օր ժամանակ է տվել՝ պատճառված վնասի չափը հաշվարկելու համար: Նիստից հետո գյուղնախարարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ աշնանից հանրապետության տարածքում հակակարկտային թնդանոթներ են տեղակայվելու: Ասել է՝ դրանք ավելի արդյունավետ են, իսկ ներկայում տեղակայված հակակարկտային կայանների արդյունավետությունը գնահատել չի կարողացել:
Դավիթ Հարությունյանին լրագրողները հարցրել են շրջանառվող լուրերի մասին, որոնց համաձայն՝ արդարադատության նախարարն ազատվում է իր նախորդի կադրերից: Հերքել է. ազատել է միայն նախարարության գլխավոր հաշվապահը, բայց պատճառն աշխատանքային թերություններն են: Բազմաթիվ խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը գիտի դրանց մասին, արմատական փոփոխությունների կարիք է տեսնում, բայց՝ ոչ կտրուկ: Նախ պետք է հասկանալ պատճառները, իսկ հետո կվերացնեն նաեւ հետեւանքները:
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաեւ ծխելու դեմ պայքարի թեման: Այս հարցի շուրջ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարն անկեղծացել է. ժամանակին ինքն էլ էր ծխում եւ չէր արգելում գրասենյակում ծխել:
Զինվորական հոսպիտալում երեկ մահացած 21-ամյա պայմանագրային զինծառայող Նարեկ Մխիթարյանը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից էր: Երիտասարդը երեք ամիս առաջ էր ամուսնացել: Արծվաբերդի գյուղապետի տեղակալը մեր թղթակցին պատմել է, որ Նարեկը կոկորդի շրջանում առաջացած կիստան հեռացնելուց հետո է մահացել. հոսպիտալում վիրահատվել է հունիսի 13-ին, իսկ գիշերը մահացել է: Հարազատները զինծառայողի մահվան համար վիրահատող բժիշկներին են մեղադրում: Պնդում են, որ վիրահատությունից հետո սկսված արնահոսության հետեւանքով խեղդվել է: Մահվան պաշտոնական պատճառը դեռեւս չի նշվում:
Երեւանում շենքերից մեկի բակում երիտասարդ կնոջ դի են հայտնաբերել: Իրավապահները պարզել են, որ 24-ամյա Ալիսան ընկել է շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից: Ողբերգության երկու վարկած է կա՝ ինքնասպանություն կամ դժբախտ պատահար: Քրեական գործ է հարուցվել: Փորձում են պարզել կնոջ մահվան պատճառը: Ալիսան աշխատում էր Երեւանի ոսկու շուկաներից մեկում:
Լեւոն Արոնյանը Norway Chess-2017 սուպերմրցաշարի միանձնյա առաջատարն է: Նա արդեն հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին: Հայ գրոսմայստերը ոչ մի պարտություն չի կրել եւ 7 հնարավորից արդեն 5 միավոր է վաստակել: Վերջին երկու տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցներն են Վիշի Անանդն ու Ուեսլի Սոն: Արոնյանը նշել է, որ մրցաշարին պատրաստվել եւ մասնակցում է առանց օգնականների ու մարտավկաների:
Դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 538, ռուբլունը՝ 8 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:
Հունիսի 16-ին շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը կեսօրից հետո տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:











