Ադրբեջանական կոռուպցիոն մեքենան Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե անհրաժեշտություն չկա՞ ԵԽԽՎ-ում, միջազգային ասպարեզում հայտարարություններով հեղեղել, որ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին, վերջերս էլ նոր խմբաքանակ ստացավ, այն էլ հարձակողական, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կոռուպցիոն վերջին սկանդալը, որ ծագեց եւ զարգանում է ԵԽԽՎ-ում վերջին շրջանում, որտեղ մատ ունի նաեւ Ադրբեջանը, խառնված է, բերում է նրան, որ գալիք 2-3 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ում, որտեղ այդ հանցավոր մեխանիզմը բացահայտվեց եւ պատժման ընթացքում է, այլեւս ադրբեջանական մեծ ագրեսիվ գործողությունների հնարավորությունը սահմանափակ է լինելու: Ադրբեջանական դիվանագիտության հիմնական հարվածը արդեն Ստրասբուրգից տեղափոխվում է դեպի Բրյուսել»:

Նրա խոսքով, հիմնական թիրախը, խորհրդարանական դիվանագիտության հիմնական պաշտպանական գիծը Հայաստանի համար դառնում է Եվրոպական խորհրդարանը եւ այդ խորհրդարանից բխող ձեւաչափերը. «Այսինքն ակնկալե՛ք սրացումներ Բրյուսելում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգի, որովհետեւ իմ ստույգ տեղեկություններով, կոռուպցիոն մեքենան, որ աշխատում էր Ադրբեջանի մասին դրական կարծիք եւ որոշումներ անցկացնելու ուղղությամբ Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել, այնտեղ ակտիվացել են ադրբեջանական տարբեր լոբբիստներ, պատվիրակություններ եւ այսօր մեր առաջին ճակատը դառնում է հենց եվրախորհրդարանը: Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը շատ կարեւոր է դառնում այսօր, իր աշխատանքը»:

Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, Արմեն Աշոտյանը վկայակոչեց ՊՆ նախարարի պատասխանը, որ, իհարկե, մտահոգիչ է զենքի մատակարարման ցանկացած դեպք Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու պահվածքն ու ռազմատենչ քաղաքականությունը:

«Զինադադարի խախտման դեպքերն արդեն տարերային բնույթ չեն կրում: Փառք հայոց բանակին, որ պատասխան գործողություններով կարողանում է սահմանափակել, սանձել ադրբեջանական լոկալ ագրեսիան, բայց մի կարևոր հանգամանք հաշվի առնենք`  Հայաստանի համար ամեն մարդ արժեք է, ամեն զինվոր, որ մահանում է այդ գործողությունների ժամանակ, արժեք է, որովհետև և՛ մենք ենք քիչ, և՛ մարդկային կյանքի գինը Հայաստանում շատ ավելի բարձր է:

Ադրբեջանում, որտեղ չկան ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ մամուլը փակ է, որտեղ մարդկանց շատ հաճախ վերաբերվում են ոչ թե՝ որպես անհատականությունների, այլ՝ հոտի, այդ կորուստների գինն իրենց համար ազդեցություն չունի: Հետևաբար`  մենք համակարգչային խաղ չենք խաղում, որ ասենք`  մեր կողմից մահացել է X թվով զինվոր, բայց իրենց կողմից մահացել է 10 X: Բնական է, որ հակահարձակ լինելով, սանձելով ադրբեջանական ագրեսիան, պատճառելով նաև անդարձելի կորուստներ՝ մենք նաև վերականգնում ենք մեր հպարտությունն ու մեր ամրությունն ենք ուժեղացնում, բայց մարդկային կյանքերի տեսանկյունից դա բացարձակ սփոփում չէ»: