Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարությունները՝ Մոսկվայում երկու երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են արել Կորեական թերակղզու խնդրի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնիայի ու Հարավային Կորեայի կառավարությունները դատապարտել են ԿԺԴՀ նոր հրթիռային փորձարկումը, այն գնահատելով որպես ՄԱԿ ԱԽ բանաձեւի խախտում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հարավային Կորեան ու Ճապոնիան այսուհետ չեն համակերպվի Փհենյանի փորձարկումներին, իսկ Չինաստանն էլ կոշտ քայլեր կձեռնարկի։

ԿԺԴՀ-ն հուլիսի 4-ին փորձարկել է «Խվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի ափից 300 կմ հեռավորության վրա։ Փհենյանում հրթիռի արձակումը հաջող են անվանել։ Հրթիռն արձակվել է ԿԺԴՀ հյուսիս- արեւմուտքում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ։

ՌԴ ՊՆ տվյալներով, հրթիռին հետեւել է հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, հրթիռը բարձրացել է 535 կմ ու անցել մոտ 510 կմ, հետո ընկել Ճապոնական ծովի կենտրոնական մասում։