Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմոթյան մեջ առաջին պայմանագիրը։ ՄԱԿ համաժողովի ներկայացուցիչ Էլայն Ուայթ Գոմեզը, որը բանակցություններ էր վարում՝ իրավաբանորեն պարտադիր պայմանագրի մասին, հայտնել է «պատմական» քվարկության արդյունքները՝ 122 երկրներ կողմ են քվեարկել, դեմ է քվեարկել Նիդեռլանդները, Սինգապուրը ձեռնպահ է մնացել։ Նշենք, որ երկրները, որոնք միջուկային զենք ունեն, բոյկոտել են համաժողովը, փոխանցում է AP-ն։
Պայմանագիրը բաց է ստորագրման համար ու ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կհաստատեն 50 երկրներ։ Պայմանագիրը բոլոր երկրներից պահանջում է «երբեք ոչ մի հանգամանքներում չմշակել, չփորձարկել, չարտադրել, ձեռք չբերել ու չկուտակել միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր»։ Այն նաեւ արգելում է միջուկային զենքի ցանկացած փոխանցում կամ գործածում, նաեւ դրանց գործածման սպառնալիք։





























