2017թ. ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանը ընթացել է խայտառակ իրավախախտումներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման վերաբերյալ քննարկմանը հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Ես համաձայն եմ տեսակետին, որ ԿԸՀ-ն լիակատար անգործության մեջ չի եղել, բայց համաձայն չեմ նաեւ տեսակետին, որ ԿԸՀ-ն իրավամբ օգտվել է իր լիզորությունների այն ծավալից, որի համար լիազորված է օրենքով: Այո եղել են եձւ օգտակար գործողություններ, եւ փորձեր իրավախախտումները կանխելու, բայց ԿԸՀ-ի գործունեությունը միայն դրական գնահատելու հիմքեր ես չունեմ»,-հայտարարեց Պետրոսյանը:
Նա չհամաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր գեւորգ Կոստանյանի հետ, որ պետք է պահել-փայփայել ԿԸՀ ինստիտուտը: «Թույլ է տրվում խախտում, մինչեւ անմեղության կանխավարկածին հավատարիմ մնալով սպասել դատաքննության ավարտին, էլ ում է հետաքրքրում այդ ընտրությունների գործընթացում խախոտւմ թույլ տված անձի պատասխանատվության կանչելու խնդիրը: Ո՞վ չի տեսել այդ աղաղակող խախտումները, թույլ են տրվել այդ ընթացքում»:
Պատգամավորի խոսքով՝ ինքը հիմքեր չունի դրական գնահատելու ԿԸՀ-ի գործունեությունը. «Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե մանկավարժը դասաժամերից դուրս է հրավիրել աշակերտների ծնողներին: Էդ մանկավարժը դասաժամերից դուրս դառնում է, ի՞նչ, Ձյունանուշի՞կ, թե՞ Ձմեռ պապ: Նա պահպանում է իր կարգավիճակը եւ իր ազդեցությունը այդ ծնողների նկատմամբ:
Կամ անձամբ ինձ զանգում է ոստիկանության մի թաղային տեսուչ, ներկայանում է ու հարցնում՝ ձեր ընտանիքում քանի հոգի է հաշվառված, ովքեր են: Իմ հարցին, թե այդ որ օրենքով եք ղեկավարվում, նման հարցեր տալիս, ասում է՝ գիտեք, ես փոխել եմ իմ գործելաոճը, պետք է ուշադիր լինեմ իմ բնակիչների հարցում: բայց ընտրություններից հետո այդ նույն թաղային տեսուչը մրցավազքի է դուրս եկել Խաչատուր Աբովյանի հետ ու մինչեւ հիմա չկա, որ տեղեկանա, թե մեր ընտանիքներում, մեր բակերում ինչ խնդիր կա»,-ընդգծեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ հավելելով, որ ԿԸՀ-ին մեղադրում է ոչ օբյեկտիվ լինելու մեջ:











