Իրաքում ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ վերջնական ու անշրջելի հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել համայնքների հաշտեցում, արդարադատություն ու կարգուկանոն ամբողջ երկրի տարածքում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ում։

«Մենք պետք է գիտակցենք, որ Մոսուլի պատմական ազատագրումից հետո ծայրաստիճան բարդ ճանապարհ կա անցնելու։ Առջեւում՝ մյուս տարածքների ազատագրման բարդ գործողություններն են․․․․ որոնք դեռ ԻՊ վերահսկողության տակ են մնում»,- ասել է Յան Կուբիշը, հիշեցնելով, որ այսօր ահաբեկիչները դեռ վերահսկում են մի շարք տարածքներ Նինավա ու Անբար նահանգներում, նաեւ Խավիջա շրջանը՝ Կիրկուկ նահանգում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Մոսուլում զինված բախումները մեծ քանակության քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել։ Այդ պատերազմի ընթացքում զոհվել են մի քանի տեղացի ու օտարերկրացի լրագրողներ։ Նա շեշտել է, որ Մոսուլից մոտ մեկ միլիոն մարդ է փախել այս ընթացքում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Կուբիշը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների ուշադրությունն է հրավիրել ԻՊ կողմնակիցների ու նրանց ընտանիքների անդամների հանդեպ վրեժխնդրության անթույլատրելի արտադատարանային գործողությունների վրա։ Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը երկրի վարչապետին խորհուրդ է տվել շտապ քայլեր ձեռնարկել՝ նման գործողությունները կանխելու համար»,- ասել է Յան Կուբիշը։

Նա շեշտել է, որ տարածքների ազատագրմանը զուգահեռ՝ պետք է ակտիվացնել ականազերծման աշխատանքները, կայունացնել ու վերականգնել այն գոտիները, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել։ Յան Կուբիշը վստահ է, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը անհրաժեշտ է ամրապնդել՝ ընդ որում արդարադատությանն ու կարգուկանոնին հավատարիմ մնալու միջոցով։ Նա հիշեցրել է նաեւ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման կարեւորությունը։