Շրի Լանկայում դաժանագույն կտտանքները սովորական երեւույթ են դարձել։ Այս մասին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բեն Էմերսոնը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն
Նա այցելել է երկիր ու համոզվել, որ այնտեղ գործում է «լավ հարթված» ռեպրեսիվ ապարատ։ Ապօրինի կալանավորումներն ու կտտանքներն իրականացվում են նոր հակաահաբեկչական օրենքով քողարկված, որը ՄԱԿ-ի փորձագետը անպիտան է համարում։
Էմերսոնի խոսքով, ձերբակալվածների 80 տոկոսը հայտնում է այն մասին, որ իրենց նկատմամբ կտտանքներ են կիրառվել։ Ձերբակալվածներին ծեծել են, նրանց գլխին կերոսինով ներծծված ցելոֆանե քսակներ են հագցրել, եղունգներն են պոկել, մի քանի ժամ կախել ոտքերի մատներից, սեռական օրգանները խեղել։ Ընդ որում նման դեպքերը, որպես կանոն, չեն հետաքննվում։
Հատուկ զեկուցողը հիշեցրել է, որ երկու տարի առաջ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի բանաձեւի համաձայն, Շրի Լանկայի իշխանությունները պարտավորվել են վերջ տալ անպատժելիությանը, ապահովել արդարադատություն ու կանխել մարդու իրավունքների խախտումները։ Սակայն խոստացվածից ոչինչ չի իրականացվել։
Բեն Էմերսոնը կոչ է արել անհապաղ ազատ արձակել 80 բանտարկյալներին ու սկսել երկխոսություն՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրենսդրության շուրջ, որը պետք է փոխարինի գոյություն ունեցող օրենքը։




























