Փհենյանի՝ բանակցություններին պատրաստ լինելու առաջին եւ հզոր ազդանշանը կլինի հրթիռների արձակումը դադարեցնելը։ Այս մասին Մանիլայում օգոստոսի 7-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ դա անելը դյուրին չէ, քանի որ Հյուսիսային Կորեան չի կարող մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում դադարեցնել հրթիռների արձակումը։ Նա նշել է, որ կոնկրետ ժամկետներ չկան, բայց «ԱՄՆ-ն այդ մասին կիմանա, երբ տեսնի»:

Թիլերսոնն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ կապի այլ միջոցներ ունի», եթե վերջինը ցանկանա երկխոսություն սկսել։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների բանաձեւը խստորեն կիրագործվի, իսկ բանաձեւը Փհենյանին հաղորդագրություն է հղում, որպեսզի նա հասկանա, թե ինչ է իրենից սպասում աշխարհը։