Volkswagen գերմանական ավտոարտադրողը մինչեւ 10 հազար եվրոյի չափով պարգեւատրություն կառաջարկի հին դիզելային մեքենաների այն սեփականատերերին, ովքեր պատրաստ են դրանք փոխարինել նորերով։ Այդ գումարները կարող են մինչեւ 2017-ի վերջը ստանալ  Volkswagen, Audi, Porsche ու Škoda նոր բենզինային ու դիզելային մեքենաների գնորդները՝ թունավոր արտանետումների բարձր մակարդակով ցանկացած ապրանքանիշի դիզելային մեքենաների դիմաց, հայտնել է կոնցերնը, փոխանցում է DW.-ը։

Ընդ որում Volkswagen ապրանքանիշի նոր մեքենա գնելիս զեղչերը կկազմեն 2 000-ից մինչեւ 10 000 եվրո։ Նոր Audi –ի գնման համար առաջարկվում է 3-10 հազար եվրո, Porsche-ի համար՝ 5000 եվրո։

1000-2380 եվրոյի չափով լրացուցիչ արտոնություններ կարող են ստանալ էլեկտրամոբիլներ գնողները, նաեւ հիբրիդային շարժիչներով մեքենաների գնորդները։ Ընդ որում հին մեքենաները ուտիլիզացվելու են։